—Ես նրան համաձայնության պետք չունիմ, — վճռաբար պատասխանեց Աննան:
Վարդուհին հանգստությամբ շունչ քաշեց և ապա հեգնությամբ նկատեց:
— Այո, ես մոռացել էի. չէ՞ որ դու նոր վարդապետություն էիր քարոզում. երևի իմ խորհուրդը չես մոռացել և առաջին օրինակը, ինչպես խոստացար, քեզանից ես տալիս: Ուրեմն շնորհավորում եմ: — Այս ասելով նա բարձրացավ տեղից և մի նետող հայացք ձգելով յուր պարզամիտ ընկերուհու վերա, ասաց. «Ես կատարում եմ քո ցանկությունը, Անիչկա, և հեռանում եմ քեզանից, բարեմաղթելով քեզ հաստատակամություն քո ընտրության մեջ. իսկ ես կաշխատեմ մոռանալ Մարությանին, քանի որ նա քո ընտրած փեսացուն է: Ինչ վերաբերում է մեր բարեկամությանը, մենք նրան կշարունակենք, երբ դու արդեն ամուսնացած կլինես, իսկ մինչև այն ես չեմ խանգարիլ ձեր տեսակցությունները…»: Այս ասելով նա դուրս գնաց:
Վարդուհու որոշումը մի ներքին ուրախություն պատճառեց Աննային, որովհետև նրանով նա ազատվում էր յուր վտանգավոր հակառակորդից, մանավանդ որ ճանաչում էր Վարդուհու ինքնասիրության չափը և գիտեր, որ նա այլևս հետամուտ չէր լինիլ Մարությանին:
Թեպետ Աննայի ծնողները մեծ հարստության և հայտնի անվան տեր էին քաղաքում, իսկ ինքը՝ օրիորդը շատ հարուստ օժիտ ուներ և այս բավական էր մի աղջկան՝ մեր ժամանակի ամենալավ փեսաներին յուր ետևից քարշ տալու համար, այսուամենայնիվ օրիորդ Աննան վախենում էր կարողությամբ և անունով իրենից ստոր Վարդուհուց, որովհետև վերջինս գերազանցում էր նրան յուր գեղեցկությամբ: Օրիորդ Լազարյանն այնքան միամիտ չէր, որ չգիտենար, թե դեռ գտնվում են աշխարհում հիմարներ, որոնք գնահատում են գեղեցկությունը և գերադասում են նրան հարստությունից, և որ Մարությանը կարող է այդ հիմարներից մինը լինել: Եվ ահա՛ հենց այս տեսակետից կարևոր էր, որ Մարությանը այլևս չտեսներ Վարդուհուն: Աննայի այդ ցանկությունը կատարված էր: