երիտասարդի գալը ինչե՜ր չանցան նրա գլխից։ Նա հավատաց իսկույն յուր երազներին և կարծում էր, որ Մարությանը երկար ժամանակ յուր տեսությունից զրկված լինելով, վերջապես վճռել էր իրենց տունը գալու։ Եվ հենց որ դահլիճի մեջ նրա ոտնաձայնը լսվեցավ, խեղճ աղջկա սիրտը սկսեց անհանգստությամբ բաբախել։ Վերջապես սիրելի երիտասարդը ներս մտավ։ Վարդուհին կորցրեց յուր քաջությունը, շփոթվեցավ և քիչ էր մնում, որ մի հիմար շարժմունքով չմատներր յուր սրտի բոլոր հուզմունքը։
Բայց շուտով գիտակցության գալով նա կարողացավ զսպել իրեն և միայն երիտասարդի հետ ձեռք սեղմելու ժամանակ զգաց, որ յուր ձեռքը դողաց․․․
— Ձեր երկար բացակայությամբ դուք պատժեցիք ինձ, օրիորդ, — սկսավ խոսել Մարությանը, — Վերջին օրերս ես մտադիր էի մի խոստովանություն անել ձեզ, հուսալով, որ դրանով կօգնեի իմ սրտի անդորրությանը, դժբախտաբար դուք հենց այդ օրերում զրկեցիք ինձ ձեր տեսակցություններրից։ Ավելի տանել չկարողանալով ձեր բացակայությունը, ես վճռեցի ուղղակի գալ այստեղ, և ձեր առաջ բանալ իմ սիրտը։ Միայն չգիտեմ, դուք իրավունք կտաք ինձ վստահանալ ձեր բարեսրտության վերա։
Վարդուհին յուր ականջներին չէր հավատում. նա քիչ էր մնում, որ ուրախությունից խելագարվեր։ Եվ իրավ, էլ ուրիշ ի՞նչ էր մնում նրան, եթե ոչ հաստատապես կարծել, որ Մամրությանը սիրում է իրեն և որ նրա բոլոր խոսքերը մի նախերգանք էին այդ սիրո խոստովանության համար։
— Եթե մի խոստովանանք ունիք, կարող եք վստահանալ ինձ վերա, — պատասխանեց Վարդուհին ժպտալով և շառագունելով։
— Այո՛, և՛ խոստովանանք, և՛ խնդիր, բայց առաջ խոստացեք, օրիորդ, որ դուք կկարեկցեք ինձ և կկատարեք իմ խնդիրը։
— Հավատացեք, որ ես նույնպես զգայուն եմ, որքան և դուք, իսկ ձեր խնդիրը կատարել կարողանալու համար, ես գործ կդնեմ իմ բոլոր ուժը։
— Այժմ ես ձեզ կբանամ իմ սիրտը: Գիտե՞ք, օրիորդ.