Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդգնություն է համարում, խնդրում եմ ձեզ, օրիորդ, որ դուք ինքներդ անկեղծաբար հայտնեք ինձ այդ և հավատացեք, որ ես այնուհետև բավական ուժ կունենեմ իմ զգացմունքները հաղթահարելու: Ու որ վիճակված է դժբախտ լինել, նա պիտի հնազանդվի յուր ճակատագրին:

Ինչ դժոխային տանջարան ավելի անողոք կերպով կարող էր կեղեքել մի մարդու հոգին, քան այս խոստովանությունը թշվառ Վարդուհու սիրտը: Այդ երիտասարդը, որին նա սիրել և գողտր զգացումներով փայփայել էր յուր սրտու. այժմ յուր առջև նստած, ուրիշի սիրո խոստովանությունն է անում: Ադամանդյա սիրտը միայն կարող է դիմանալ բախտի այդ տեսակ խաղերին։ Իսկ մի աղջիկ, որի սիրտը հավասարապես թույլ է և՛ սիրելու, և՛ նախանձելու մեջ, յուր խելքն անգամ կկորցներ այդպիսի տխուր զուգադիպության ժամանակ։

Բայց Վարդուհին միայն մի փոքր տատանվեցավ, իսկ հետո սկսավ սառնասրտությամբ լսել Մարությանին մինչև սրա ամենավերջին խոսքը։ Երբ երիտասարդը ավարտեց, նա ծանրությամբ պատասխանեց․

—Որովհետև դուք արդեն խոստովանեցիք ինձ ձեր սրտի գաղտնիքը, ես էլ ուրեմն կհայտնեմ ձեզ իմ ընկերուհու խոստովանությունը։ Նա ձեզ սիրում է, չգիտեմ ի՞նչ չափով և որքա՞ն, բայց գիտեմ, որ նա ձեզ իրեն փեսացու է ընտրել և ձեզ յուր ապագայի ամուսինն է անվանում։

Մարությանը հանկարծ վեր թռավ յուր աթոռից, ինչպես մի աղքատ, որը հանկարծ մի մեծ հարստության է հանդիպել, և ուրախությունից քիչ էր մնում, որ Վարդուհու ոտքերին չփաթաթվեր։

—Օրիորդ, դուք ինձ խելագարեցնելու չափ ուրախացնում եք, կրկնեք ձեր ավետիքը, աղաչում եմ․ ես ցանկանում եմ, որ նա ճիշտ լինի։ Օ՜, դուք չգիտեք, թե ես ո՜րքան եմ սիրում նրան․․․

—Կարող եք կատարելապես վստահ լինել իմ խոսքերի ճշմատրտության վերա․ ինչ որ ես ասացի ձեզ, դրանք օրիորդ Աննայից լսածներս են։

Մարությանն ուրախությունից չէր կարողանում խոսել,