Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Որդի, դու դեռ ջահել ես, քո օգուտն ու վնասը չես կարող ճանաչել,— ասում էր նրան հայրը. — որին որ մենք ընտրել ենք, նա ամենից հարմար փեսացուն է, դու իզուր մի հակառակիլ մեր ընտրությանը։

— Ես արդեն ասացի ձեզ իմ վերջնական որոշումը. ես Շահ֊Մելիքյանի ամուսին դառնալ չեմ կարող, իմ ընտրա, իմ սիրած փեսացուն Մարությանն է, Մարությանն է, Մարությանն է, վերջացավ։

— Տե՜ր ամենակարող աստված… Ա՛յ աղջիկ, ախր Մարությանր ո՜վ է, ի՞նչ մարդ է, ի՞նչ ունի, ի՞նչ կարող է անել, մի մտածիր է՜, Շահ֊Մելիքովը, սաղ աշխարհն էլ գիտե, որ Շահ֊Մելիքովն է, իշխան է, փող ունի, կալվածներ ունի, էգոէց֊էլօր մի հարկավոր գործ ունենամ, կամ մի կապալ ուզենամ վերցնել, ամեն տեղ ինձ կօգնի, մեծ մարդկանց հետ ծանոթ է, բարեկամ է...

— Ի սեր աստծո, մի կողմը թող կորչեն քո գործերն ու կապալները, ինձ նրանց պատճառով հո չպիտի ծախես, — զայրացած բացականչեց Աննան։

Վասիլ Իվանիչը կատաղեց. աղջիկը համարձակվել էր յուր գործերն ու կապալներն անիծելու, սա աններելի հանցանք էր։

— Անզգա՛մ, դու համարձակվում ես ինձ մոտ այդպես վայրահաչել...— գոռաց նա խելագարի նման և քիչ էր մնում հարձակվեր աղջկա վերա... Բայց կինը արգելեց նրան և ստիպեց սենյակից դուրս գնալու։

— Գնա՛, գնա՛, դու խոսել չգիտես, — ասաց նա,— ե՛ս իմ աղջկա հետ կխոսեմ, նա ինձ կհասկանա։

Վասիլ Իվանիչը մռթմռթալով դուրս գնաց խորհրդարանից։

— Անիչկա ջան, քո հայրը տղամարդ է, նա ամեն բան կարգին խոսել և հասկացնել չէ կարող, բայց դու ինձ լսի՛ր մի փոքր համբերությամբ և տե՛ս, եթե լավ խորհուրդներ չեմ տալիս քեզ, էլի քո գիտեցածն ու ցանկացածը կարող ես անել, ես քեզ չեմ ընդդիմանալ։

— Խոսի՛ր, մայրիկ, լսում եմ, — հանդարտությամբ պատասխանեց Աննան և սկսավ ուշադրությամբ լսել նրան։