Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Մարությանը, սիրելիս, վատ տղա չէ, ես էլ համաձայն եմ քեզ հետ․ նա խելոք է, զարգացած է, երևի ուսումնական է, բայց մի մեծ պակասություն ունի— նա հարուստ չէ, փող չունի։ Իսկ հարուստ չլինելը իսկ փող չունենալը գիտե՞ս թե ինչ մեծ ցավ է, օ՜, անկարելի է, որ դու գիտենաս դու աղքաատություն չես տեսել դու աչքդ բացել ես հարուստության և լիության մեջ․ բայց ես, օ՜, ես շատ աղքատություներ եմ տեսել, նույնիսկ իմ հորանց տանը շատ շատ աղքատություններ եմ տեսել, նույնիսկ իմ հորանց տանը շատ դառնություններ եմ քաշել: Շատ վատ բան է, սիրելիս, երբ տեսնում ես, որ քո ընկերները լավ հագնում են, լավ զուգվում են, թատրոներ, բալեր, մասկարադներ են հաճախում, իսկ դու հագնելու շոր չունիս, նրանց պես ման գալ, զվարճանալ չես կարող: Սիրտդ ուզում է, որ դու էլ նրանց նման լինես, ցանկանում ես դուրս գալ նրանց հետ զբոսանքի, մի թամաշի և դուրս ես գալիս, բայց նրանք քեզանից քաշվում են, քո հասարակ հագուստների վերա ծաղրում են, շատ անգամ էլ ծաղրում են քեզ:

— Բայց, մայրիկ, մի՞թե Մարությանը աղքատ է. նա պաշտոն ունի, երկու հազար ռուբլի ռոճիկ է ստանում, և, վերջապես, ես էլ իմ օժիտն ունիմ, մի՞թե մենք սրանցով չենք կարող անկարոտ ապրել:

—է՜, սիրելի, ապրիլ կա երկաթ է, ապրիլ կա արծաթ է, կապրեք, ինչո՞ւ չեք ապրիլ: Տարեկան երկու հազար ռուբլու հենց մենք հագուստ ենք փչացնում մեր տանը, իսկ ձեզ դեռ տուն է հարկավոր, տան սարք է հարկավոր, ուտելու ծախք, ծառաներ ռոճիկ, և ուրիշ հազար ու մի ծախքեր են հարկավոր: Քո օժիտն էլ շատ—շատ մի երկու տարի բավականեցավ, մանավանդ, որ հայրդ Մարությանին շատ փող չի տալ, քանի որ յուր սրտի մարդ չէ. այնուհետև ի՞նչ պիտի անենք: Վերջապես դու սովոր ես տարեկան մի քանի անգամ խնջույքներ, ընտրիքներ և երեկույթներ սարքելու, կարո՞ղ ես միթե Մարությանի տանը տարեկան գոնե մեկ անգամ սարքել, ախար, չէ՞ որ ամեն մի խնջույքի հազար ռուբլի չի բավականանում: Դու մանկությունից սովոր ես սեփական կառքով ման գալու, կարո՞ղ ես գոնե Մարությանի մոտ գոնե միշտ վարձու կառքեր ունենալ: Այս բոլոր մտածելու բաներ են: