Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոքրիկները, որոնք սենյակում խաղում էին, հայրին տեսնելով դադարեցրին իրանց խաղը և կամենում էին դուրս գնալ: Գրիգորի սառն հարաբերությունները յուր կնոջ հետ երեխաներին էլ սառեցրել էին հոր ներկայությունից իրենց ազատելու համար: Բայց այս անգամ հայրը նրանց թույլ չտվեց դուրս գնալու: Նա ծիծաղերես բռնեց նրանց ձեռքերից և յուր մոտ նստեցնելով սկսավ նախկին քնքշությամբ ողջագուրել նրանց: Երեխաները զարմացած աչքերով նայում էին մերթ հորը և մերթ միմյանց երեսին, և կարծես այդ անմռունչ հայացքներով կամենում էին հարցնել թե՝ արդյոք այս մարդը իրանց հայրը չէ՞ր:

Այս միջոցին ներս մտավ և՛ Մարիամը: Սա էլ ոչ սակավ զարմացավ յուր ամուսնու այս անսովոր փոփոխության վերա: Մի ամբողջ տարի էր, որ ժպիտը նրա երեսից անհետացել էր, որ նա չէր գգվել յուր երեխաներին և յուր կնոջը կողմնակի ճանապարհներով պատժելու համար, անտարբեր և սառն էր մնում դեպի այն բոլորը, որոնք մի համեստ ընտանեաց միակ երջանկությունն են կազմում: Մարիամը մի քանի րոպե կանգ առավ դռան մեջ և չէր վստահանում առաջ գնալ: Մի տեսակ անհանգստացնող ուրախություն, որից դեռ չէր բաժանվում խաբված լինելու երկյուղը բռնել էր նրան: Նրա սիրտը անընդհատ տրոփում էր…

Վերջապես Գրիգորը նրան տեսավ:

— Այդ դու ես, Մարիամ,— դարձավ դեպի նրան քաղցրությամբ, — ինչու դրսումն ես կանգնել, մոտ արի քեզ հետ խոսելիք ունիմ:

Մարիամը մոտեցավ, բայց նրա յուրաքանչյուր քայլը մեքենայական էր: Նա հասավ ամուսնու մոտ նստեց աթոռի վրա:

— Փոքրիկներս, դուք գնացեք մյուս սենյակում խաղալու, — դարձավ Գրիգորը երեխաներին, — ճաշի ժամանակ մենք ձեզ կկաչենք: Երեխաները հնազանդվեցան և դուրս գնացին:

— Ինչու տխուր ես, Մարիամ, — առաջին անգամ լռությունը ընդհատեց Գրիգորը: