ԺԱ
Հարսանեկան հանդեսներից ետ հասան հանգստության ժամերը, բայց իշխան Դիմիտրը կարծես խուսափում էր իշխանուհուց։ Նա թողնում էր նրան միայնակ յուր առագաստում, իսկ ինքը քաշվում էր յուր ննջարանը, միայնակ քնանալու համար։
- Քո վարմունքը շատ օտարոտի է թվում ինձ, Միտյա, նկատեց մի առավոտ իշխանուհին յուր ամուսնուն,— դու ինձ միայնակ ես թողնում իմ ննջարանում, և ես ամբողջ գիշեր քնել չեմ կարողանում...
— Ինչո՞ւ, հոգիս, մի՞թե դու վախենում ես միայնակ քնելու։
— Ո՛չ, ես անհանգստանում, ես կարծում եմ թե... դու ինձ չես սիրում... այդպե՞ս է, հա՞, դու ինձ չե՞ս սիրում...
— Ա՜, մի՞թե կարելի է այդպես մտածել, Անիչկա, ընդհակառակն, քեզ շատ սիրելուս համար է, որ այս զոհողությունը ես հանձն եմ առնում... ես չեմ գալիս քեզ մոտ, որպեսզի այս քանի օրերում քո ունեցած հոգնածությունը հանգիստ քնանալովդ անցնե։
— Ո՛չ, ես այդ չեմ կամենում. ես հոգնած չեմ, ես կամենում եմ, որ դու ինձ մոտ լինես,— ժպտալով պատասխանեց իշխանուհին և ձեռքը ամուսնու պարանոցով պատելով սկսավ քնքշաբար շոյել նրա գեղեցիկ գանգուրները, որոնց այնքան շատ էր սիրում ինքը։
— Շատ լավ, հոգյակս, ես այսուհետև այլևս բացակա չեմ լինիլ քո սենյակից, եթե դու այդպես ես կամենում,— ասաց նրան իշխանն և անցավ ուրիշ հարցերի։
Բայց առաջիկա գիշերն էլ նա թողեց իշխանուհուն միայնակ։ Խեղճ Աննան սրտնեղությունից տանջվում էր։ Սկզբում նա ցանկացավ մտնել յուր ամուսնու ննջարանը և կրկնել նրան յուր նկատողությունը` և այս անգամ ավելի հանդիմանական եղանակով, բայց հետո մտածեց` դեռ մի փոքր էլ սպասել։ Ուստի անցյալ օրերի նման ժամանակը սպանելու համար նա սկսավ կրկին քննել յուր ննջարանի հարուստ կարասիները, թանկագին զարդերը, յուր ոսկենկար առագաստը,