Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այցելելու, բայց տան ծառայից իմանալով, որ նա արդեն հորանց տանն է վերադարձան նրանց մոտ։

Տիկին Լազարյանը ընդունեց նրանց պարտ ու պատշաճ հարգանքով, բայց Աննան դուրս չեկավ նրանց մոտ: Վարդուհին չկամեցավ պատճառը հարցնել, կարծելով, որ Տիրանի հետ տեսնվելուց է խուսափում: Բայց երբ նրանք ցած իջան փողոց, նրանց ճանապարհակցող ծառան մի փոքրիկ տոմսակ հանձնեց Վարդուհուն, որի մեջ Աննան գրել էր հետևյալը.

«Սիրելիս Վարդուհիս.

Մի վշտանար, որ ես չկամեցա տեսնվել քեզ հետ, որովհետև տեսնվելու և խոսակցելու սիրտ չունիմ. իմ մոր փառամոլությունը ինձ գլորեց դժբախտության անդունդը, և ես կամենում եմ այստեղ էլ վերջացնել իմ կյանքը. մնաս բարով, երջանիկ եղի՛ր, և սիրիր քո Տիրանին...

Քո դժբախտ Աննա»

:

Մի քանի ժամանակից ետ ամեն գաղտնիք արդեն պարզված էր հասարակության համար և գիտեր, թե ի՞նչ գնով է հայ օրիորդը անպաճառ իշխանուհի դառնում: