Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է պատվիրել բժիշկը, թողե՛ք, դա մի առանձին հետաքրքրական բան չէ,— պատասխանեց իշխանը:

Այս բոլորից հետո Աննայի համար լուծվեցավ ա՞յն հանելուկը, թե ինչու ամուսինը յուր առագաստից հեռու է փախչում: Նա մի փոքր ժամանակ մտածմունքի մեջ ընկավ, ապա ետ դառնալով կանգնեց յուր ամուսնու առաջ և աչքերը ուղղակի նրա աչքերին սևեռելով, զայրույթից դողացող ձայնով խոսաց.

— Պարոն, եթե դուք ոչ այլ ինչ էիք, եթե ոչ` մի կատարյալ ավերակ, ինչո՞ւ համար էիք ինձ դժբախտացնում, մի՞թե դուք այնքան խիղճ չունեցաք, որ խնայեիք գոնե իմ երիտասարդ հասակը...

— Ես այդպես վատ կարծիք չունիմ իմ մասին, տիկին,— ցինիկական անտարբերությամբ պատասխանեց իշխանը, — ես դեռ հույս ունեմ, որ կարող եմ կազդուրվել. ինձ բժիշկներն իրենք խորհուրդ տվին ամուսնանալ. ուրեմն իզուր եք դուք վշտացնում ձեզ. մի փոքր համբերություն է հարկավոր:

— Դուք դեռ համարձակվում եք բերան բանալ, պարոն, եթե ամեն բարեմասնություններից թափուր եք, գոնե կեղծեցեք, որ մի փոքր ամոթխածություն ունիք, — դառնությամբ նկատեց Աննան:

— Ինձանից մի՛ նեղանաք, տիկին, ես ձեզ չեմ զրկում ոչ մի բանից, ինչ որ ես ունեի, այն էլ ձեզ է պատկանում: Ձեր ծնողները ցանկանում են ձեզ իշխանուհի տեսնել և ահա՛ այդ կոչումը ես ձեզ եմ նվիրում. օգտվեցեք իմ պատվանունից, որքան կարող եք, իսկ մյուս բարիքների համար խնդրում եմ ինձ ժամանակ տվեք, ես առայժմ ոչինչ չեմ խոստանում. մի փոքր համբերեցեք գուցե բժիշկների գուշակույթւոնը կատարվում է…

— Դուք մի ամենաստոր արարած եք, պարոն, ամոթ է այլևս տանել ձեր ներկայությունը ... — զզվանքով պատասխանից Աննան և դուրս գնաց:

Հետևյալ օրը իշխանուհին արդեն յուր հոր տանն էր:

Մի քանի օրից ետ Վարդուհին և Տիրանն իբրև նորապսակներ գնացին իշխան Շահ-Մելիքյանի տունը, Աննային