Գրիգորը այնքան սիրտ չունի, որ կրկին բռնվելուց չվախենա, եթե ասենք գավառապետը ինքն է արձակել, դա էլ խելքից հեռու է: Ուրեմն մի աներևույթ զորություն օգնության է հասել նրան — վերջապես վճռեցին նրանք և լռեցին։
Սակայն հանելուկի լուծումը հետևյալն էր։ Մեր ծանոթ Կարոն, ոսկերիչի հավատակիցը, ամբոխից ավելի ճարպիկ էր շարժվել: Նա յուր «եղբայրակցի» գլխովն անցածը լսելուն պես, վազեց քարոզչի մոտ, սա էլ յուր կողմից անհապաղ դիմեց պաստորին, որը ըստ բերման բախտին այդ օրերը դարձյալ այցելել էր յուր հոտին։
Այն միջոցին երբ հիշյալ բողոքավորների խումբը հեռանում էր գավառապետի տանից, պաստորը նստած էր յուր մի բարեկամի մոտ և երկար խոսակցում էր նորա հետ։ Աղա Հովակիմը, այսպես էին անվանում պաստորի բարեկամին, բավական հարուստ մարդ էր։ Եվ թեպետ նա մի առանձին հասարակական պաշտոն չէր վարում, սակայն յուր նշանավոր հարստության պատճառով քաղաքի մեջ նախանձելի դիրք ուներ բռնած։ Նա համարվում էր միայն ամենակարող մարդը բոլոր քաղաքի մեջ։ Եվ այս իսկ պատճառով նա միշտ շրջապատված էր խնդրարկուներով։ Եվ որովհետև յուր հարստությունը կապում էր նրան քաղաքի շատ առաջավոր անձանց հետ, ուստի հազիվ էր պատահում, որ նա յուր ձեռնարկությունները ըստ յուր ցանկության չվերջավորեր և կամ իրեն դիմող նեղյալներին ձեռնունայն դարձներ: Այսպիսով, նա շատերին էր օգնում իրանց թշվառությանց և կարոտությանց մեջ։ Մի բան միայն նսեմացնում էր նրա բոլոր բարեգործությանց փայլը, այդ այն էր, որ այդ մարդը գործում էր ոչ թե իսկապես բարեգործությունից դրդված, այլ ծայրահեղ փառամոլությունից։ Նորա զվարճությանը չափ չէր լինում երբ տեսնում էր թշվառներին' յուր առաջ ծնկաչոք և աղաչավոր, կամ երբ փողոցով անցնելիս երբեմն իրանից բարերյալ մարդիկները՝ մինչև գետին գլուխ էին խոնարհեցնում նորան։ Այս իսկ պատճառով նա շատ անգամ անխտիր օգնության ձեռք էր կարկառում և չարագործներին, միայն թե այդ բանը ավելացներ նորա համար դարձյալ մի տասնյակ երկրպագուներ։ Պաստորը վաղուց ծանոթ էր աղա Հովակիմի հետ և քաջ