ուսումնասիրած էր նորա թույլ կողմերը։ Այս պատճառավ և այսօր ամենայն վստահությամբ դիմել էր նորան։ Սակայն որքան մեծ եղավ յուր զարմանքը, երբ տեսավ, թե աղա Հովակիմը այս անգամ յուր խնդիրը կատարելու համար դժվարություններ էր ցույց տալիս։ Բայը և այնպես նա իսկույն չվհատվեցավ։ Նա լավ գիտեր, որ յուր բարերարը այն մարդիկներից չէր, որոնք կապարի ծանրություն ունեին և որոնց շարժելու համար շատ անդամ մեծ աշխատություններ են հարկավոր։ Այստեղ բավական էր մի երկու մարդահաճ խոսքեր, և բերդը առնված էր։ Աղա Հովակիմի բացասական արտահայտությանը պաստորը պատասխանեց.
— Ճշմարիտը խոստովանած, աղա Հովակիմ, դուք այս անգամ ինձ զարմացնում եք։ Դժվար է գտնել այս քաղաքում մի մարդ, որին կարելի լիներ համոզել թե՝ աղա Հովակիմը այս ինչ գործը կամեցավ և չկարողացավ կատարել. կամ թե նա հրամայեց և նորա հրամանը անկատար մնաց։ Դուք, իրավամբ, ժառանգած եք ամենակարող անունը, և դուք չպետք է դավաճանեք այդ անվանը։ Ո՛չ մի արգելք և ո՛չ մի դժվարություն մենք չենք ճանաչում, որը կարողանար դիմադրել ձեր հրամանին, ուստի իզուր եք բարեհաճում համոզել ինձ, որ իմ ամենախոնարհ խնդրի կատարումը ձեր կարողությունեն վեր է. Բայց եթե արդարև դուք կատակ չեք անում, եթե դուք իջել եք այն բարձրությունից, որի վերա մինչև այսօր կանգնած էիք և կարողությամբ հավասարվել եք մյուս հասարակաստեղծ մարզիկների հետ, լավ է միանգամով հրամայեք մեզ տկարներիս գնալ և ջուրը թափվիլ, քան ապրիլ, որովհետև ինչ արժեք ունի այլևս մեր կյանքը առանց աղա Հովակիմի հայրենախնամ պաշտպանության...
Այստեղ պաստորը մինչև անգամ կամեցավ մի քանի կաթիլ արտասուք իջեցնել յուր տխուր երեսի վերա, սակայն տեսնելով, որ դերասանության այդ դժվար դերը իրան չի հաջողվում, շարունակեց.
— Ասացեք, կաղաչեմ, աղա Հովակիմ, ո՞ւմ դիմեն այսուհետև կարոտյալները, ո՞ւմ դիմեն մարդկային չարագործությանը ենթակա տառապյալները, ո՞ւմ դիմե իրավազուրկ այրին, ում դիմե անօգնական որբը... մտածեցեք, աղա