հարսնացու կնտրես, դու կամուսնանաս, դու երջանիկ կլինես... բայց մի վերջին խնդիր ունիմ, նա էլ պետք է կատարես, այսինքն՝ այն, որ երբեմն-երբեմն իմ գերեզմանին այցելության գաս, քո կինն էլ հետդ կբերես և կասես նրան թե՝ «այս խեղճ աղջիկը սիրում էր ինձ»... Հետո կպատմես նրան իմ դժբախտությունները, որովհետև դու տեսել ես, դու բոլորը գիտես. գուցե նա էլ խղճա և մի անգամ «ողորմի,» կասի ինձ...
Երիտասարդի սիրտը կսկծից մորմոքում էր:
Նա նմանվում էր այն թշվառ ծնողին, որը եկել էր տեսնելու նավստիների ձեռքով ցամաք հանվող խեղդվածներին և նոցա մեջ ճանաչում է յուր յոթ տարիներ ի վեր կորսուած միամոր զավակը: Անլուր թշվառությու՜ն. նա գտնում է յուր որդին, բայց ավաղ հավաստիանալու համար միայն՝ որ նա հավիտյան կորած է յուր համար…
Այս դրության մեջ էր գտնվում և Աշոտը յուր սիրուհու խոստովանությունը լսելուց հետո. նա տանջվում էր, նրա երակների մեջ արտասուք էին հոսում, բայց ոչինչ չէր կարողանում անել, ոչինչ չէր կարողանում խոսել, նա լալիս էր…
Վերջապես Խաթունի հարսներից մեկի ներս գալով տխուր տեսարանը փակվեցավ: Աշոտը շատ այլայլված դուրս գնաց սենյակից:
Այն օրից սկսած մեր խեղճ սիրահարը ամեն բան մոռացավ: Նա այժմ ավելի դժբախտ էր համարում իրան, քան այն ժամանակ, երբ դեռ չգիտեր, թե Մանիշակը սիրում էր իրան: «Երանի թե նա այդ խոստովանությունը չաներ ինձ», հաճախ կրկնում էր նա: Որովհետև Մանիշակի հետ ամուսնանալու հույսով յուր ունեցած ցնորքները, երջանիկ ապրելու նախագծերը,— բոլորը յուր սիրուհու արած տխուր գուշակություններով ցնդում էին օդի մեջ: Նա այժմ իրան ըզգում էր աշխարհի մեջ միայնակ և ամեն բարեմասնություններից զուրկ…
Եթե հայրը երբեմն հորդորում էր նրան գնալ շուկա և օրվա մեջ գեթ մի քանի ժամ խանութ բանալ, նա դառնությամբ պատասխանում էր.