— Այսուհետև այդ ո՞ւմ համար անեմ, իմ աստղը ջուրն է ընկել:
Խեղճ երիտասարդը յուր սիրուհուն կրկին առողջ տեսնելու համար բոլոր հույսը կորուսել էր։ Շատ անգամ մայրը նրան հուսադրում էր, սիրտ էր տալիս, զանազան օրինակներ էր բերում այդ տեսակ հիվանդությամբ հիվանդացողներից, որոնք այսուամենայնիվ քիչ ժամանակից հետ կատարյալ առողջություն են ստացել, բայց երիտասարդը միշտ անմխիթար էր: Նա այժմ հավատում էր ավելի Մանիշակի արած գուշակություններին, մանավանդ երբ տեսնում էր, որ երեք հիվանդներն էլ օրստօրե վատթարանում էին, և մահտեսի Հարությունը առաջվան պես հուսով չէր խոսում նրանց առողջանալու համար։
Հետաքրքիր ընթերցողը կցանկանա իմանալ, թե այդ ընդհանուր դժբախտության ժամանակ ուր էր ոսկերիչ Գրիգորը, ինչով էր զբաղված և արդյոք չէ՞ր հետաքրքրվում իմանալու համար, թե ուր են գտնվում յուր կինը, աղջիկը և երեք որդիները։ Ոսկերիչը այն օրից, երբ քարոզչի օգնական դարձավ, ընկեր հարևանի նախատինքներից ազատվելու և «տիրոջ հոտին» անձնավորությամբ ծառայելու համար. «եղբայրների» խորհրդով հավաքեց յուր խանութը, իսկ յուր ունեցած երեք հազար ռուբլին հանձնեց պաստորին, որ նա յուր կողմից ղրկե մայրաքաղաքի բանկը շահեցնելու համար։ Վերջին անցքերից ետ, նա գրեթե ամբողջ օրերը անցցնում էր պաստորի, քարոզչի և «եղբայրների» հետ։ Իսկ սրանցից և ոչ մեկը նրա ընտանյաց մասին նրա հետ ոչինչ չէր խոսում» Ինքը ոսկերիչը համոզված էր, որ նրանք թեպետ այսօր զայրացած և դուրս գնացած են, սակայն վաղը անշուշտ կդառնան իրանց տունը: Այդ հույսով նա մի քանի վաղիվներ անցկացրավ առանց յուր ընտանյաց դարձը տեսնելու։ Այսուամենայնիվ դեռ հույսը չէր կտրում, որպեսզի անմիջական միջոցներ գործ դներ նրանց ետ դարձնելու համար» Մի կողմից էլ նա այսպես ավելի հանգիստ էր գտնում իրան, մանավանդ երբ «եղբայրները» ժողովվում էին յուր մոտ։ «Գոնե հանգամանքի բերումից օգուտ քաղեմ, քանի ժամանակ