Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդիքս ասում եմ քեզ... Արի՛, արի՛, տար ինձ նրանց մոտ, ես միայնակ չեմ կարող գնալ...

Ոսկերիչի և քարոզչի ձայների վերա ներս թափվեցան «եղբայրները» և տեսնելով թշվառ մարդու մինչև կատաղության հասած այլայլմունքը՝ խորհուրդ տվին քարոզչին ընկերանալ նրան գեթ մինչև յուր տունը:

Քարոզիչ երկյուղից դողում էր, սակայն հարկ էր տված խորհուրդը ընդունել: Նա և ոսկերիչը դուրս գնացին: Վերջինս պինդ բռնած էր քարոզչի թևից և արագությամբ և հատկլյալ շնչով առաջ էր գնում, միշտ ետևից քարշ տալով ընկերոջ:

Ճանապարհը շատ երկար չէր: Նրանք մտան թե չէ այն փողոցը, որի ծայրում շինված էին ոսկերիչի և յուր դրացի վարպետ Սարգսի տները, և ահա լսվեցան հոգևոր երգեցողության ձայները:

—Կանգնի՛ր այստեղ,— հրամայական ձայնով դարձավ ոսկերիչը դեպի քարոզիչը. և նրա թևից քաշելով յուր հետ կանգնեցրավ մի ցանկապատի տակ:

Երգեցողության ձայները հետզհետե մոտենում էին: Վերջապես փողոցի անկյունից երևացան մոմերը և խաչվառները, ետո երգեցող մանկտին, քահանաները և վերջը խուռն բազմությունը արհեստավորների և մանր վաճառականների, որոնք կրում էին երեք թշվառների դագաղները: Ոսկերիչը այդ ամենը տեսնելուց լայն բացած աչքերով, որոնց մեջ հանկարծահաս թշվառության գույժը ցամաքացրել էր արտասվաց աղբյուրները, անզգայաբար առաջ գնաց դեպի դագաղները: Բայց այստեղ նշմարելով յուր մյուս փոքրիկ որդիներին, որոնք կողկողագին լալիս էին մեկը մոր և մյուսը քրոջ դագազներից գրկած, իսկույն սոսլակով և սարսափած ետ դարձավ դեպի քարոզիչը և գոչեց.

—Նրանք են, կինս և երեխաներս, դու և ես՝ երկուսս միասին սպանեցինք նրանց...

Այս ասելով նա կանգնեցավ յուր առաջի տեղը, վերցրավ գնդակը, նույնը անել տվավ և քարոզչին և սպասում էր հուղարկավորության անցնելուն: Երբ հանդեսը մոտեցավ, նա կրկին խելագարի նման վազեց դեպի դագաղները.