Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Այդ ո՞ւր եք տանում իմ կինը և ոսրդինը... թողեք, որ խոսեմ նրանց հետ...:

Այս ասելով նա կամենում էր ընկնել դագաղների վերա, բայց նրան արգելեցին:

—Հեռու, հեռու այստեղից, թշվառական, — սպառնալից դեմքով դերձավ նա քահանաներից մինը, — այդ անիծյալ ձայնովդ այժմ է՞լ սրանց մահվան հանգստությունն ես կամենում վրդովել:

Ոսկերիչը սրտաբեկ և գունաթափ ետ դարձավ և ցանկապատին հենվելով մրմնջում էր.

—Այո՛, ես անիծյալ եմ... տեր-հայրը իրավունք ունի... ես անիծյալ եմ...

Այս տեսարանը շատ մորմոքիչ ազդեցություն արավ ժողովրդի վերա, նրանցից շատերը խղճահարվում էին ոսկերիչի թշվառ դրության վերա: Բայց կային երիտասարդներ, որոնք չկարողացան ճանաչել նրա հոգու վշտահար դրությունը և կարծեցին թե նա կամենում էր բռնի յուր ննջեցյալները խլել իրանց ձեռից, ուստի՝ «Մենք դառնալուց քեզ ցույց կտանք, անզգամ», կամացուկ սպառնում էին նրանք՝ առանց այն էլ հարվածի սաստկության տակ կործանված թշվառականին:

Բայց ոսկերիչը լուռ և անզգա էր յուր դեմ ուղղված բոլոր հայացքներին ու սպառնալիքներին: Նա այնքան սպասեց այնտեղ, մինչև որ հուղարկավորությունը անցավ և հետո ապուշ-ապուշ հարցրավ քարոզչին:

—Այս ննջեցյանլերը ճանաչեցիր դո՞ւ :

—Ճանաչեցի, — ցած ձայնով պատասխանեց նրան քարոզիչը:

—Նրանք իմ կինը, աղջիկս ու որդիքս են, գիտե՞ս:

—Գիտեմ:

—Լավ ուրեմն, տար այժմ ինձ տունը: Քարոզիչը հնազանդվեցավ: Երբ նրանք հասան տուն, ոսկերիչը դարձավ քարոզչին:

Այժմ դու կարող ես գնալ:

Իսկ դո՞ւ, — հարցրավ քարոզիչը: