Վերջապես նավակը մոտեցավ ափին. ես դուրս ցատկեցի ավազի վերա և հենց պատրաստվում էի պայուսակս վերցնել, հանկարծ տեսի, որ մի նորատի տիկին կանանց միջից դուրս վազեց և «եղբայրս...» ճչալով դիմեց գրկաբաց դեպի ինձ և պլլվեցավ իմ պարանոցին։ Նա իմ քույրն էր, ես իսկույն ճանաչեցի, նա շատ քիչ էր փոխվել։ Երկար մենք չկարողացանք խոսել միմյանց հետ. մենք գրկվում, համբուրվում և ուրախությունից արտասվում էինք... Սա այն վայրկյաններից մինն էր, երբ մարդ մոռանում է վշտերի գոյությունը և ամբողջապես հոգիանալով՝ լուծվում է հրճվանքի և երջանկության մեջ...։ Տխրությունը յուր սև պատկերով չքանում է նրա աչքերից, մարդկանց դեմքերը էլ չարություն չեն արտահայտում, ամեն կողմ տիրապետում է բերկրանք և ուրախություն, և բոլոր շրջապատող առարկաները ժպտում են նրան...Ահա այստեղ է զգում մահացուն կյանքի քաղցրությունը, այստեղ է նա ճանաչում կյանքի հրապույրները։
Վերջապես մոտեցավ ինձ իմ փեսան, որը մինչև այն տեղի էր տվել իմ քրոջ գգվանացը, գրկեց և համբուրեց ինձ և ապա կառք կանչելով հրավիրեց ինձ նստել տուն գնալու համար։
Մինչև այն ես գրեթե մոռացել էի իմ ընկերոջը' պատեր-Սիմոնին։ Երբ ուղղվեցի դեպի կառքը, հանկարծ աչքիս զարկավ նրա լայն շրջանավոր գլխարկը և սափրած ծնոտը։ Նա կանգնած էր մի քանի քայլ մեզանից հեռու շրջապատված կանանց ու աղջիկների մի փոքրիկ խմբակով։ Պատեր-Սիմոնը այնպիսի մի համեստ և պատկառելի կերպարանք էր առել, որ ես մի վայրկյան վարանեցի ընդունել նրան իմ արբած ընկերոջ տեղ, և սկսա զննել նրան։ Նա քնքշաբար ողջունում էր յուր շրջապատողներին, հարցնում էր նրանց և իրենց ընտանիքների առողջությունը, իսկ յուր ձեռքերը համբուրող մի երկու փոքրիկներին փայփայում և օրհնում էր։ Երբ կառքը նստանք, ես պատրաստվում էի հարցնել իմ փեսային թե ո՞վ էր արդյոք այս պատերը և ինչ գործ ուներ նա այս քաղաքում, բայց մի ուրիշ ավելի հետաքրքիր անձնավորություն գրավեց իմ ուշադրությունը։ Սա մի գեղեցկահասակ, սիրուն դեմքով, մեծ և սևորակ աչքերով աղջիկ էր, որ պատերին