նրա շառագունելը ինձ հետաքրքրեց։ Մի քանի քայլ հառաջ անցնելով իմ ընկերներից ես նկատեցի իմ երեկվա տարօրինակ ծանոթին. սա պատեր-Սիմոն էր, որ ծիծաղադեմ և քաջալանջ դիմում էր դեպի օրիորդը։
Չգիտեմ ինչու՞ համար այդ մարդու պատկերը, որ երեկ նավակում ինձ զվարճություն էր պատճառում, այսօր չափից դուրս հակակրական և ատելի երևաց։ Մի ներքին նախազգացմունք վրդովեց իմ ուրախ տրամադրությունը։
— Սա ինչո՞ւ համար է այստեղ գալիս, — մի տեսակ տանուտիրական եղանակով հարցրի ես իմ ընկերուհիներից։
— Ի՞նչպես թե ինչու համար, նա հրավիրված է,— նկատեց քույրս։
— Ուրեմն Լուսինյանների հետ ծանո՞թ է:
— Նա նրանց քահանան է։ Մի՞թե այդ չգիտեք դուք,— պատասխանեց օր. Մարանջյանը և ծիծաղեց։
— Վարդուհի, դու էլի՞ պատերի վերա ծիծաղում ես, և չե՛ս վախենում,— նկատեց օր. Վարվարան, և երկուսը միասին սկսան ծիծաղել։
— Ա՜խ, դուք դեռ հիշո՞ւմ եք ձմեռվան անցքը,— խոսեց քույրս, և նրանց հետ միասին ինքն էլ սկսավ ծիծաղել:
Ես ոչինչ չէի հասկանում նրանց ծիծաղելուց և խորհրդավոր ակնարկություններից, բայց և չէի հետաքրքրվում իմանալու։ Ես հանկարծ հիշեցի այն կանանց խմբակը, որը երեկ նավահանգստի մոտ շրջապատնլ էր պատեր-Սիմոնին և որի միջից դուրս եկավ օր. Լուսինյանը և շնորհավորեց քրոջս իմ գալուստը. հիշեցի որ երեկ մի քանի անգամ ցանկացել էի հարցնել քրոջս, թե ինչ ունեին այն կանայքը կաթոլիկ քահանայի հետ. և ամեն անգամ էլ մոռացել էի հարցնելու։
Բայց այժմ ամեն բան պարզվեցավ ինձ համար, երեկվա կանանց խմբակը հայ֊կաթոլիկուհիներից էր կազմված, և նրանք իրենց քահանային դիմավորելու էին գնացել, ուրեմն Լուսինյանները հայ-կաթոլիկներ են, ահա բոլորը։
— Դուք ինչի՞ վերա եք մտածում, պարոն,— ծիծաղելով սկսավ խոսել օր. Մարանջյանը,— նրա վերա, թե ինչու օր. Մարգարիտան կաթոլիկ է, հա՞։