Էջ:Muratsan, vol. 1.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բնավ. ի՞նչ կա դրա վերա մտածելու:

— Ինչպե՞ս չէ. մի՞թե դուք չէիք կամենալ, որ նրա նման մի բարի և գեղեցիկ հայ լիներ:

— Առանց մի կամենալուն էլ նա հայ է:

— Ընդհակառակը, ձեր կամենալով էլ դարձյալ նա հայ չէ:

— Այդ դո՞ւք էք ասում:

—Ո՛չ, այդ ինքն է ասում:

— Սխալվո՛ւմ եք, — ընդհատեց Վարդուհուն օր. Վարվարան, — այդ յուր ծնողներն են ասում:

—Դուք երկուսդ էլ սխալվում եք, — հարեց քույրս, — ո՛չ Մարգարիտան և ոչ նրա ծնողները այդպես բան երբեք չեն ասել, դա պատեր—Սիմոնի խոսքն է:

—Այդ ավելի հավանական է, — նկատեցի ես, — օր. Մարգարիտան իմ աչքում այնքան զարգացած է երևում, որ նա յուր մասին այդպիսի բան չէր ասի:

—Բայց եթե ասեր անգամ, մի՞թե նա կստեր. չէ՞ որ նա կաթոլիկ է և ո՛չ հայ, — խոսեց օր. Վարվարան:

—Իհարկե՛ ոչ, — ձայնակցեց նրան Վարդուհին,— նա կաթոլիկ է:

Ես իսկույն տեսի, որ ինձ շրջապատող ընկերությունը շատ սահմանափակ հասկացողություն ունի կրոնի և ազգության գաղափարները միմյանցից որոշելու համար, ուստի հարկ չհամարեցի այդ խնդրի վերա առ ժամն խոսելու: Բայց պատեր—Սիմոնի և նրա հոտի մասին մի քանի տեղեկություններ կամեցա իմանալ:

—Այդ պատերը միշտ այս քաղաքո՞ւմն է մնում,— հարցրի ես:

—Ո՛չ նա տարեն չորս անգամ է միայն այցելում այս քաղաքին և յուրանքանչյուր անգամ մի մի ամիս այստեղ մնալուց հետ հեռանում է, — պատասխանեց քույրս:

—Իսկ նա շա՞տ ժողովուրդ ունի այստեղ, — կրկին հարցրի ես:

—Ոչ ընդամենը երեք տուն սակավաթիվ անձիքներից բաղկացած, որոնք Թիֆլիսից են գաղթած այստեղ իրենց առևտրական գործերով-պատասխանեց նա։