դնեն յուր համար խանութի դռան առաջ։ Հազիվ նստեց պ. Թովմասը նրա վերա և սկսավ երթևեկող ամբոխը դիտել, երբ յուր Սիգո անունով դրացին կարևոր համարեց նրան ընկերանալ, իհարկե, յուր սեփական աթոռով։ Սիգոն խելոք վաճառականներից մինն էր, հետևապես նրա ընկերությունը Թովմասին անախորժ չթվաց։ Խոսելով առևտրի անբավարար դրության վերա, Թովմասն ա՛յն կարծիքը հայտնեց, որ էլ չարժե շարունակել մանր ապրանքի առևտուրը, որովհետև օգուտ ասած բանը էլ չկա նրանում։
— Մի ժամանակ մարդիկ ապրում էին նրանով,— շարունակեց նա յուր խորհրդածությունը,— և ապրելուց ի զատ փող էլ էին աշխատում։ Բայց այն օրից սկսած, որ ամեն մի երեխա յուր մի քանի ռուբլով Մոսկվա ու Նիժնի վազել սովորեց, էլ մեծ գործ անողի բանը վերջացավ։ Այո՛, մկան կերածը մի բան չէ, բայց մի քանի մկներ միասին կատվի պաշարը հատցնում են,— դառնությամբ շեշտեց յուր ասածի վերա Թովմասը։
— Դու հո՛ կարող ես ուրիշ գործ էլ անել,— նկատեց դրացին,— մեր բանն է դժվար, որ չարչիությունից ձեռք վերցնել չենք կարող։
— Ես ի՞նչ կարող եմ անել,— կարծես բարկացած հարցրեց Թովմասը,— դուք հենց գիտեք, թե ես միլիոննե՞ր ունիմ։
— Գիտենք, որ միլիոններ չունիս, բայց այնքան ունիս, որ կարող ես մի մեծ կապալ վերցնել և ամեն տարի առնվազն հիսուն հազարով դեն դնել։ Դու հո գիտես, որ մեծ փողերը կապալներում են աշխատում։
— Կապալներո՞ւմ...— մեքենայաբար հարցրեց Թովմասը և հանկարծ ընկավ մտածության մեջ. նա կարծես գտավ մի բան, որ վաղուց կորցրել էր։— «Ահա մի գործ, որի վերա ես երբեք չեմ մտածել,— խոսեց նա ինքն յուր սրտում։ Եվ իրա՛վ չէ՞ որ Մելքոն աղան էլ կապալների շնորհիվ հարստացավ... Ինչո՞ւ մինչև այսօր ես սրա վերա չմտածեցի հիմար չե՞մ, որ իմ հույսը անշնորհք գազի վերա եմ դրել...»: Եվ նա, անփութություն կեղծելով, կրկին հարցրեց դրացուն.— Ի՞նչ կապալների համար ես խոսում դու, Սիգո,