ա՛յն՝ որ հարյուր, հինգ հարյուր ռուբլով մեր վարպետները վերցնո՞ւմ են, ի՞նչ փող կարելի է աշխատել նրանցում։
— Ինչ հարյուր, ի՞նչ հինգ հարյուր, ի՞նչ վարպետներ, տերության կապալներ եմ ասում. զորքերի կապալներ, հացի, մսի, խմիչքի, փայտի...
— Է՜հ, այդպես կապալներ որտե՞ղ են հիմա, առաջ կային, ճշմարիտ է, իսկ ա՞յժմ, չէ, այժմ հազիվ թե պատահի։
Բարի Սիգոն ծիծաղը պահել չկարողացավ և սկսավ բարձրաձայն կարկաչել։
— Այ, մարդ աստուծու, այժմ տերության զորքերը հաց ու միս չե՞ն ուտում, օղի ու գինի չե՞ն խմում, փայտ չե՞ն վառում, ո՞ր աշխարհումն ես ապրում դու, ինչպե՞ս թե այժմ հազիվ թե պատահի։
Բայց Թովմասը ճանաչում էր յուր դրացուն և գիտեր, թե ի՞նչ է խոսում։ Կապալ բառը առաջին անգամ նրանից լսելով, նա հոգեբանորեն գուշակեց, որ այդպիսի մի բան երևի գոյություն ունի շրջակայքում, որ յուր դրացին իսկույն նրա վերա է մատնացույց անում. նա շատ անգամ էր լսել Սիգոյին և գիտեր, որ նա սիրում է միշտ յուր «փորացավի» վերա խոսել։
— Իհարկե, հազիվ կպատահի,— կրկին պնդեց Թովմասը և իբրև անուշադիր դեպի յուր դրացին, սկսավ խանութի առաջից անցնող ածխապաններին խոսեցնել. բայց միևնույն ժամանակ լսողությունը դեպի Սիգոն լարելով։
— Ինչպե՞ս թե հազիվ կպատահի. այ, հենց առաջիկա շաբթին մեծ աճուրդ պետք է լինի զորքի մեծավորի տանը. դրա համար էլ Թիֆլիսից մի գեներալ է եկել ու մի քանի էլ ուրիշ աստիճանավորներ։
— Բայց ի՞նչ գործի համար։
— Զորքի հացը, միսը ու խմիչքը կապալով տալու։
— Դա երևի մեծ գործ չէ, ինչո՞ւ չես ուզում վերցնել։
— Դու կատա՞կ ես անում ինձ հետ. իհարկե մեծ գործ է։ Մենակ գրավականը տասնուհինգ հազարից ավելի է, իսկ ես...— Եվ խեղճ Սիգոն էլ չկարողացավ շարունակեր: Նա