Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին մնում միշտ, իսկ հացերը ոչ միայն բավականանում էին ուտելու, այլև ավելանում էին վաճառելու համար, որովհետև Միկիթը գրեթե միշտ դատարանում նախաճաշելով՝ էլ ճաշի համար տուն չէր գալիս։ Եվ այդպիսով միջոց Էր տալիս յուր մորը ավելացած հացերից փող ձեռք բերելու։ Իսկ դատարանի նախաճաշը, իհարկե, նա յուր հաշվով չէր անում։ Հենց որ գրագիրների մեջ միտք էր հղանում նախաճաշելու, իսկույն Միկիթը առաջարկում էր նրանց յուր ծառայությունը, և վերցնելով նրանցից նախաճաշի համար հավաքված փողը, վազում էր փողոց։ Բայց այդտեղ արդեն նա մտաբերում էր ա՛յն գեղեցիկ առածը, որ նա բարեփոխեչ էր այս խոսքերով.— «ճշմարիտ մարդու գդակը ծակ կլինի»։ — «Ինչո՞ ւ համար ճշմարիտ լինեմ, որ գդակս ծակ լինի»,— մտածում էր նա և բերած փողի երկու մասին ուտելիք գնելով, իսկ երրորդ մասը իրեն վերապահելով՝ վերադառնում էր դատարան։ Բայց որպեսզի ինքն էլ յուր ընկերներին հավասար վայելե նախաճաշը, նա ամեն անգամ աշխատում էր հավատացնել, որ իրեն տված փողը չբավականանալով' ինքն էլ իրենից ավելացրել է։ Ընկերների մեջ կային այնպիսի միամիտներ, որոնք հավատում էին նրան. բայց թերահավատներն էլ նախաճաշից չէին զրկում նրան, այլ բավականանում էին բռունցքի մի֊մի հարվածով, որ իջեցնում էին ուղղակի նրա ուսերից մեկի, կամ ծոծրակի վերա։ Միկիթը ոչ միայն չէր վիրավորվում այդ տեսակ վարմունքից, այլև ուրախանում էր, որովհետև դրանով նա ազատվում էր նախաճաշից զրկվելու վտանգից։ Իսկ այն օրը, որ գրագիրներից ոչ ոք նախաճաշելու ցանկություն չէր ունենում, Միկիթը դիմում էր դատարան հաճախող խնդրատուներին և նրանց մեջ անպատճառ գտնում էր մեկը, որ հոժարակամ 20 կամ 30 կոպեկ զոհում էր նրա նախաճաշի համար։

Երկրորդ անհրաժեշտությունը հագուստն էր, որի համար նույնպես Միկիթը փող չէր վճարում։ Երբեմն նա սեղանապետի համար մի արտաքո կարգի գործ էր կատարում և իբրև վարձատրություն ստանում էր նրանից մի հին մունդիր։ Եր֊բեմն դատարանի պրիստավին օգնում էր մի քանի աշխատություններ օրինակելով, որի համար ժառանգում էր նրա