տեղեկացավ նրա ով լինելը։ Տիկինը բնությամբ ազնիվ ու բարեսիրտ էր. տեսնելով երեխայի աշխատասիրությունը մի կտոր հացի համար, նա խղճաց նրան և յուր ծախքով տվեց քաղաքի արքունական դպրոցը ուսանելու։
Այդ օրից սկսած Միկիթի համար բացվեցավ առաջադիմության ասպարեզը։ Մի քանի տարիներից ետ նա հաջողությամբ ավարտեց դպրոցը։ Այդ ժամանակ գրագետ մարդկանց առաջադիմության միակ ասպարեզը դատարաններն էին, Միկիթն էլ մտավ այդտեղ հասարակ գրագրի պաշտոնով— ամսական հինդ ռուբլի վարձատրությամբ։ Ինքնըստինքյան սա մի չնչին ռոճիկ էր։ Բայց Միկիթը այն մարդկանցից էր, որոնց ոչնչից գիտեն ստեղծել ինչը: Հենց այդ պատճառով էլ նա շատ գոհ էր յուր վիճակից, մանավանդ որ փողի հաշիվներում նա չէր նմանում յուր ընկերներին։ Որովհետև մինչդեռ վերջիններս առաջուց վերցրած պարտքերով ամսվա կիսում արդեն վատնած էին լինում դեռ ամսի վերջում իրենց հասանելի ռոճիկները, Միկիթը, ընդհակառակն, կրկնապատկած և մինչև անդամ եռապատկած էր լինում իրենը։ Ինչպե՞ս էր անում նա այդ, հետաքրքիր է լսել։
Փողի հաշվի վերաբերությամբ Միկիթը միայն մի սկզբունք էր ճանաչում—ստանալ միշտ, բայց վճարել՝ երբեք։ Ահա՛ այն գաղտնի զորությունը, որով բազմապատկվում էր նրա աննշան ռոճիկը։ Բայց դուք կզարմանաք, թե ինչպե՞ս կարելի է այդքան սահմանափակ սկզբունքով գոյություն պահպանել մեր բազմապահանջ ժամանակում, երբ հայրն արդեն վաճառում է որդուն յուր խնամքը, և եղբայրը ձրի չէ ողջունում յուր հարազատին… Զարմանալու իրավունք ունիք — եթե Միկիթին ձեզ նմանող մարդ եք ընդունում, բայց նա միշտ հրաժարվել է այդ պատվից։ Նա ուներ յուր սեփական, որոշ բնավորությունը, որ օգնում էր իրեն յուր խիստ սկզբունքին ծառայելու։
Ամենքդ էլ գիտեք, որ փող ծախսելու առաջին անհրաժեշտությունը ուտելու համար է լինում։ Բայց Միկիթը նույնիսկ այդ առաջին անհրաժեշտության համար փող չէր վճարում։ Նրա մայրը, ինչպես գիտեք, օրական 15 կոպ. փող և 10—15 հաց եկամուտ ուներ։ 15 կոպեկները, իհարկե, անձեռնմխելի