Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ըստ պատշաճին պարապել ֆրանսիական լեզվի ուսումնասիրությամբ։ Նյութականի կողմից նախանձելի վիճակ ուներ, որովհետև քաղաքի ամենահարուստ ւվաճառականներից մեկի որդին էր. և չնայեւով, որ յուր հայրը մի առատասիրտ մարդ չէր, այսուամենայնիվ յուր երիտասարդական ձգտումները երբեք չէին սահմանափակվում։ Ֆիզիկական կազմությանը գալով, այդ կողմից էլ նա հարուստ էր. բարձր հասակ, լայն թիկունք, վայելուչ իրան, գեղեցիկ դեմք, գրավիչ աչքեր, և այս բոլորի հետ միասին կազմվածքի ընդհանուր առողջություն։

Ահա՛ ձեզ երիտասարդ Մաշտոցյանը, որին, իհարկե ամեն մի լավ ընտանիք կցանկանար իրեն փեսա ունենալ։

Բայց Արսենի հայրը մտադիր չէր նրան շուտով ամուսնացնելու.— «Առաջ մարդ եղիր, հետո ամուսին»— ասում էր ծերուկ Մաշտոցյանը, հավատացած լինելով, որ միայն վաճառական լինելուց հետո երիտասարդն իրավունք ունի «մարդ» անվանել իրեն։ Այս պատճառով և Արսենը ստիպված էր գիմնազիոնը թողնելուն պես յուր հոր խանութը տեղափոխվիլ առևտրական անհուն գիտությանը հասու լինելու համար։

Այդ խանութը, որ գտնվում էր Սիոնի փողոցի խոնավ քարվանսարաներից մինում, բնավ վատ ազդեցություն չարավ երիտասարդ ուսանողի վերա, որովհետև նա ինքն յուր մեջ հակումն էր զգում դեպի յուր համար նախասահմանյալ կոչումը։ Սկզբներում նա միայն խանութի տետրակներն էր թերթում, որոնք մի փոքր նմանություն ունեին իր մաթեմատիկական դասատետրերի հետ, հետո սկսավ հաճախորդների (մուշտարիների) ել ու մուտքը քննել և նրանց հետ խոսալու դժվար քերականությունը ուսումնասիրել, իսկ մի քանի ամսից ետ նա այնպես լավ ծանոթացավ իրեն շրջապատող աշխարհի և նրա մեջ գործող հերոսների հետ, և այնքան հմտություն ցույց տվավ իրեն հանձնված մի քանի գործերում, որ նրա հայրը վստահությամբ յուր գործերը հանձնեց նրան և հեռացավ, իրեն վերապահելով երբեմնապես որդուն խրատելու և հարկավոր ժամանակ գործակատարներին հայհոյելու սրբազան իրավունքը։