բացե ի բաց մերժելը ինձ համար այնքան դժվար է» որքան և դժվար է գնդապետին տված պատվավոր խոստմանս դրժելը։ Բայց որպեսզի ոչ ձեր խնդիրը մերժեմ և ոչ գնդապետի մոտ խայտառակվիմ, ահա թե ես ինչ նոր բան մտածեցի այս րոպեին։ Դուք կարծեմ մի լավ եղբոր որդի ունիք, որ այժմ սովորում է Թիֆլիսում։
— Այո՛, մեր Պետրոսը մի շատ լավ տղա է։
— Լսել եմ, շատ լավ տղա է. աստված պահե։ Ես էլ ինչպես գիտեք, մի շատ խելոք աղջիկ ունիմ. մի պատվական աղջիկ։ Ես կարծում եմ, որ լավ կանենք, եթե միմյանց պատվավոր խոսք տանք ձեր Պետրոսն ու իմ Նատալիան իրար հետ ամուսնացնելու և այսպիսով խնամիներ դառնալու։ Այնուհետև շատ հեշտ կլինի ինձ համար զիջանել ձեզ կապալը. և գնդապետն էլ ներողամտությամբ կնայի այս գործի վերա, որովհետև այդպիսով ես կապալը իմ ազգականներից մինին կլինեմ հանձնած։
Թովմասը ուրախությունից քիչ էր մնում, որ խելագարվի։
— Դուք ինձ կրկնակի եք բախտավորացնում, Մելքոն-աղա,— հրճվանքով բացականչեց Թովմասը,— տվեք ինձ ձեր ձեռը, ես համաձայն եմ. ձեր Նատալիան իմ սիրելի հարսն է այսօրվանից,— և այս ասելով նա ջերմությամբ սեղմեց Մելքոն-աղայի ձեռքը։
— Դուք համաձայն եք. շատ բարի, բայց եթե Պետրոսը գա և չկամենա լսել ձեզ, այն ժամանակ ի՞նչ կանեք։
— Պետրո՞սը, ինձ չլսե՞. հա՜, հա՜, հա՜. մի՞թե կարծում եք, թե նա կհամարձակվի ինձ չլսել. նա, որին ես դեռ մանուկ հասակից իմ հացով պահել, մեծացրել, ուսում եմ տվել և քանի՜-քանի՜ հազարներ նրա համար վատնել եմ։ Ոչ, դրա համար մի՛ երկբայեք։ Պետրոսը իմ որդին է. նա միշտ ինձ հնազանդ է եղել և այս անգամ էլ նա չի համարձակվիլ իմ խոսքից դուրս գալու։ Եվ մի՛թե բոլոր իմ այս չարչարանքները նրա համար չեն. Պետրոսից զատ էլ ո՜վ ունիմ։
— Եթե գուք ինձ պատվավոր և վճռական խոսք եք տալիս, որ իմ Նատաշին անպատճառ կառնեք Պետրոսի համար,