Էջ:Muratsan, vol. 2.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մինչդեռ Թովմասը այս խորհրդածություններն էր անում, այգին մտան Մելքոն-աղայի հետ միասին տիկին Անիչկան և օրիորդ Նատալիան, երկուսն էլ վայելուչ կերպով կոկված ու հագնված։

Պ. Թովմասը թեպետ երբեք առիթ չէր ունեցել ասպետական օրենքները ուսումնասիրելու, այսուամենայնիվ նա զգաց, որ հարկավոր էր հանել յուր գլխարկը և ժպտերես դիմավորել յուր խնամուն ու հարսնացուին։

Վերջիններս շատ սիրալիր ընդունեցին պ․ Թովմասին ողջույնը և ծանոթանալով նրա հետ, ջերմագին սեղմեցին նրա ձեռը։

Տիկինը առաջարկեց բոլորին էլ նստել ծաղկանոցի առաջ շարված աթոռների վերա։

Սովորական հարց ու բարևից ետ, Մելքոն-աղան հանդիսավոր կերպով կանգնեց նրանց մեջ և բառերի հստակ ու որոշ արտասանությամբ հայտարարեց, որ պ. Թովմաս Մարալյանը շնորհ է բերել յուր մոտ՝ իրենց սիրելի Նատալիայի ձեռքը յուր եղբոր որդի Պետրոսի համար խնդրելու և որ ինքը այդ բանին սրտով համաձայն է, սակայն հարցնում է և տիկին Անիչկայի կամքը։

Վերջինս կարելվույն չափ քրքրվելով և կարելվույն չափ գեղեցիկ ժպիտով պատասխանեց.— «Ես այնքան շատ լավ բաներ եմ լսել պ. Թովմասի եղբոր որդու համար, և այնքան գովություններ՝ նույնիսկ պ. Թովմասի և յուր ընտանիքի վերաբերությամբ, որ ես ոչ միայն պատճառ չունիմ մերժելու նրա առաջարկությունը, այլև շատ ուրախ կլինեմ նրան ընդունելով։ Իմ Նատաշան այնքան քնքուշ, այնքան ուրախ և այնքան սիրելի պահված աղջիկ է, որ բացի պ․ Թովմասի ընտանիքը, ուրիշ որևէ ընտանիք ես արժանի չեմ գտնիլ նրա հարսնության, հետևապես ես տալիս եմ իմ համաձայնությունը»։

Պ. Թովմասը, որին ըստ երևույթին շատ դուր եկավ յուր խնամու փոքրիկ, բայց ազդու ճառը, խորը կերպով գլուխ տվավ տիկին Անիչկային ի նշան ամենաանկեղծ շնորհակալության։

Իսկ Մելքոն-աղան, որ փորձված վաճառականի նման