—Եթե ձեր ձեռքը թեթև եղավ և կապալը մնաց ինձ վերա,— ավելացրեց նա,— խոստանում եմ կրկին անգամ ծառայել ձեզ։
Միկիթ֊բեկը հասկանալով բարեկամի խոստման նշանակությունը՝ անկեղծ սրտով շնորհակալություն արավ նրան։
—Իսկ գնդապետի հետ ինչ որ հարկավորն է խոսե՞լ եք,— խորհրդավոր ձայնով հարցրեց Սարգիսը։
—Իհարկե, իհարկե, երեկվանից արդեն ամեն բան խոսել վերջացրել եմ։ Ինչ օգնություն որ նրան է վերաբերում, նա չի խնայիլ. միամիտ կացեք, դուք աղոթեցեք միայն, որ գեներալը չընդդիմանա նրան։
—Կերթամ կաղոթեմ… տեսնենք ամենակարող աստվածը ո՞րքան կհաջողե յուր մեղավոր ծառայի գործը.— բարեպաշտական զգացմունքով լցված պատասխանեց Սարգիսը և ապա հիշելով, որ Միկիթ-բեկը շատ զբաղմունքներ ունի և ուրեմն նրան ավելի խանգարել չէ կարելի, նա ջերմությամբ սեղմեց նրա ձեռքը և դուրս գնաց նրա առանձնարանից։
Միկիթ-բեկը սրտատրոփ վերադարձավ յուր տեղը, հանեց սեղանից ստացած ծրարը և շտապով բանալով նրան՝ գոհությամբ սրտի տեսավ, որ յուր չնչին ծառայության համար բարի բազազ Սարգիսը վարձատրել էր նրան 100 կլորիկ ռուբլիներով։
Հազիվ նա փողերը դրել էր յուր պահարանի մեջ, և ահա մի մեծ գլուխ առանձնարանի դռնից ներս մտնելով՝ լսեցրեց յուր ձայնը.
—Կարծեմ ճիշտ նշանակած ժամին եկա, միայնա՞կ եք։
—Օ՜, բարև ձեզ, բարև ձեզ, ներս հրամեցեք, այստեղ ոչ ոք չկա։
Եվ ահա՛ առանձնարանի դռնով ներս մտավ մի հաղթանդամ և անճոռնի տղամարդ։ Սա Ամիրի աղան էր, որ ողջունելով Միկիթ-բեկին, վերցրեց աթոռներից մինը և նստեց նրա առաջ.
—Յոթին դեռ տասը րոպե կա. ուրեմն նշանակում է ժամանակից էլ մի փոքր վաղ եմ եկել, այնպես չէ՞։
—Այո՛. բայց վաղ գալ հարկավոր չէր. դուք պետք է ճշտությամբ կատարեիք իմ պատվերը։ Եթե ես յոթին եմ