աշխարհում բազմաթիվ չեն ա՛յն հիմարները, որոնք պատասխանատու են լինում պատահարներին։
— Հասկանամ եմ. բայց գոնե դուք կարողանո՞ւմ եք հուսալ, որ այդ գներով կապալը կմնա ինձ վերա։
— Ես կարողանում եմ հուսալ մինչև անգամ՝ թե մի օր ես ճանապարհին հազար ոսկի պիտի գտնեմ։
— Ձեզ հետ վիճել չէ կարելի. նշանակեցեք, ինչ գին որ կամենում եք. անշուշտ դուք իմ բարին եք ցանկանում։
— Ա՜յ, այդ բանի համար ես դրական պատասխան կարող եմ տալ. արդարև ձեր բարեկամների մեջ հազիվ թե գրտնվի մեկը, որ ինձ չափ ձեզ սիրե և ձեր բարին ցանկանալ կարողանա։ Ես միայն մի մարդու եմ հարգում և այն մարդը դուք եք։
Ամիրի տղան մի անհանգիստ շարժում գործեց, որ նշան էր Միկիթ֊բեկի հաճոյախոսության նրա վերա արած լավ ազդեցության. հետո, առանց սպասելու, որ վերջինս ավարտեր յուր գործը, նա հանեց ծոցից յուր ծանր քսակը և տասնհինգ հատ պսպղուն ոսկիներ համարեց նրա առաջ։
Միկիթ—բեկը աչքի ծայրով նայեց ոսկիների վերա և ներքին ուրախությամբ շարունակեց յուր գործը։ Հետո ավարտելով նրան, հանեց սեղանի արկղից մի սիրուն ծրար, որի համար, իհարկե, նա փող չէր վճարել, դրեց այդ ծրարի մեջ բոլոր թղթերը և հանձնեց այն բարեկամին, սովորեցնելով նրան նրա գործադրության եղանակը։
Մի քառորդ ժամից ետ Միկիթ-բեկը արդեն միայնակ էր և ուրախությամբ ձեռքերը շփելով՝ ման էր գալիս յուր առանձնարանի մեջ և սպասում էր Ձուկ-Ավետիսին։
Հազիվ ծառան վառեց լամպարը և դուրս գնաց, երբ ժամը ութը զարկեց և նրա վերջին հարվածի հետ էլ լսվեցավ Զուկ-Ավետիսի ձայնը, որ խոսում էր ծառայի հետ նախասենյակում։
—Ներս հրամեցեք,— սենյակի դուռը բանալով ձայն տվավ Միկիթ-բեկը յուր երրորդ բարեկամին։ Վերջինս ամաչելով ներս մտավ սենյակը, բայց այնպես կամացուկ, որ նրա ոտնաձայնը գրեթե չէր լսվում։