Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շնորհակալ եմ, ճիշտ ժամանակին եկաք. եթե մի փոքր ուշանայիք, ինձ տանը չպիտի գտնեիք։

— Ինչպե՞ս կհամարձակվեի ուշանալ,— համեստությամբ և հազիվ լսելի ձայնով պատասխանեց Զուկ-Ավետիսը:

— Շնորհակալ եմ, ես էլ արդեն պատրաստել եմ ձեր թղթերը։ Ուրեմն լսեցեք, ես կկարդամ և կթարգմանեմ նրանց:

Եվ Միկիթ-բեկը սկսավ կարդալ և թարգմանել, որովհետև երրորդ բարեկամը ռուսերեն չէր հասկանում։

— Հավանո՞ւմ եք,— հարցրեց նա բարեկամին, երբ ավարտեց յուր ընթերցումը։

— Ինչպե՞ս կհամարձակվիմ չհավանել։

— Ի՞նչ գներ եք ուզում, ուրեմն, որ նշանակեմ ձեր առաջարկության թղթի մեջ։

— Դուք էլած տեղը ես ի՞նչպես կհամարձակվիմ գին նշանակել։

— Բայց էլի մի բան ասացեք, ո՞րքանով, օրինակ, կարող եք հաց մատակարարել զորքին և ո՞րքանով միս։

— Աստված վկա, չեմ կարող ասել.— խեղճ ժպիտով պատասխանեց պարոն Ձուկը։

— Ուրեմն ի՞նձ եք իրավունք տալիս նշանակելու գները:

— Իհարկե, իհարկե։

— Լավ. այստեղ ես գրում եմ, որ դուք զորքին հաց կտաք պուդր 1 ռ. 20 կոպեկով, միս՝ 4 ռուբլով, գինի 4 ռ. 35 կոպեկով և օղի՝ 6 ռ. 75 կոպեկով։

— Դուք գիտեք։

— Ի՞նչ եք կարծում, այս գներով օգուտ կունենա՞ք։

— Աստված է իմանում։

— Ուրեմն գո՞հ եք այս չափով։

— Իհարկե։

— «Եթե բոլոր մարդիկ ձեզ չափ բարի և ձեզ չափ հիմար լինեին, մեզ նմանները դարդ չէին ունենալ»,— խոսեց ինքն իրեն Միկիթ-բեկը և ծրարելով մի ոչ շատ գեղեցիկ ծրարի մեջ, տվավ Զուկ-Ավետիսին։

— Ո՞րքան է ձեր նեղության վարձը, Միկիթ֊բեկ, ասացեք, ես այս տեսակ բաների գինը չեմ իմանում։