Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ կախված է տվողի կամքից։ Եթե ես ուրիշի համար էլ այդպիսի մի զործ շինած լինեի, կասեի, թե այսինչը այսքան վճարեց, դուք էլ կարող էիք այսքան վճարել։ Բայց որովհետև այս տեսակ գործ միայն ձեզ համար եմ շինել ուրեմն վարձատրելն էլ ձեր կամքից է կախված։

Պ. Ձուկը ընկավ մտատանջության մեջ և երկար ժամամանակ չէր կարողանում որոշել, թե ո՞րքան պետք էր վճարել Միկիթ-բեկին։ Վերջապես նա հանեց ծոցից յուր քսակը. և երկու նոր քսանհինգանոցներ ընտրելով՝ դրեց սեղանի վերա։ Միկիթ֊բեկը ժպտաց։ Խեղճ Ձուկը կարծելով, թե նա ծաղրում է իրեն, երկու քսանհինցանոցներ էլ ավելացրեց և վեր կացավ տեղից։

— Շնորհակալ եմ. աստված հաջողություն տա.— ասաց Միկիթ-բեկը և ճանապարհ դրեց յուր երրորդ բարեկամին, որ արդեն քաջալերվել էր շնորհակալության խոսքերով։

Երեք այցելուներից հետո վերջապես եկավ պարոն Թովմասը։ Նրա դեմքի վերա նշմարվում էր մի տեսակ անհանգըստություն, որ առաջանում էր Միկիթ֊բեկի զեկուցումը շուտով լսելու ցանկությունից։

— Ամեն բան արդեն կարգի դրված է,— սկսավ խոսել Միկիթ֊բեկը.— իմ մարդկերանց հետ ես իմ գործը վերջացրի։ նրանց առաջարկությունների մեջ ես այնպիսի գներ եմ նշանակել, որ եթե ձերինի մեջ համեմատաբար միայն տաս֊տաս կոպեկ պակաս նշանակվի, ահագին գումար կարող եք. շահել մի տարվա մեջ։

Թովմասի դեմքը զվարթացավ և այդ րոպեին նա կարող էր մինչև անգամ Միկիթ-բեկին գրկել։ Բայց, իհարկե, դեռ գործը վերջացած չէր։

— Ուրեմն որո՞նք կլինեն մեր գները,— հարցրեց Թովմասը։

— Մենք կնշանակենք հացի համար 1 ռ. 10 կոպեկ, մսի համար 3 ռ, 80 կոպ., գինու համար 4 ռ. 75 կոպ. և օղիի համար 6 ռ. 65 կոպեկ։

— Օ՜հ, թե այդ գներով կապալը ինձ վերա մնա, Միկիթ-բեկ, երկու տարվա մեջ ես ձեզ կհարստացնեմ,— ոգևորությամբ բացականչեց Թովմասը։