Էջ:Muratsan, vol. 2.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մարալյանը հրատարակվեցավ տերունական զորքերի միակ մատակարարը:

Թե ո՜րքան մեծ էր այդ ժամանակ Թովմասի ուրախությունը, դրա մասին ես ոչինչ չեմ ուզում խոսել, ընթերցողները իրենք էլ կարող են նրա չափը երևակայել։ Այսքանը միայն կասեմ, որ զորանոցի վարչությունից դուրս գալուց ետ, պ. Թովմասը, իբրև յուր խոսքը հարգող մարդ, Մելքոն-աղայի հետ միասին դիմեց հեռագրատուն և յուր եղբոր որդուն հեռագրեց հետևյալը.— «Ձեր նամակը ստացա. ուրախ եմ, որ հաջողակ քննությամբ ավարտել եք ձեր ուսման ընթացքը, սակայն Պետերբուրգ գնալուց առաջ անհրաժեշտ է, որ վերադառնաք մեզ մոտ, որովհետև կարևոր և անհետաձգելի նորություն ունիմ ձեզ հաղորդելու. սպասում եմ»։

Վերադառնալով տուն, Թովմասը ուրախությունից չգիտեր ինչ անել, նա վազեց յուր հարսի մոտ, գրկեց նրան, ավետեց յուր հաղթանակը և հայտնեց, որ արդեն հեռագրել է Պետրոսին վերադառնալ շուտով հայրենիք իրենց ուրախությանը մասնակցելու համար։

Տիկին Հռիփսիմեն այս անսպաս նորություններից շփոթված մնացել էր անխոս։ Յուր կյանքում առաջին անգամն Էր, որ նա արաժանանում էր յուր տագեր ողջագուրանքին և առաջին անգամը, որ նրա ճակատի կնճիռները նա անհետացած էր տեսնում։ Ուստի այն բոլորը, ինչ որ նա տեսավ և լսեց, սկզբում դեռ իրեն համար երազ էին թվում, բայց երբ ամեն բան տեղն ու տեղը հասկացավ և մանավանդ հավաստիացավ Պետրոսի վերադառնալուն, խեղճը ուրախությունից սկսեց արտասվել։ Իհարկե մի ճնշված կնոջ ուրախության համար այս բոլոր նորությունները բավական արժանավոր պատճառներ էին։

Ը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՃԱՇԸ

Այժմ դուք պիտի բարեհաճեք ինձ հետ միասին տեղափոխվել Թիֆլիս, ուր մենք ներկա կլինինք ուսանողության մի հացկերույթի։ Ես հավատացած եմ, որ այս տեղափոխությունը