Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի առանձին վնաս չի պատճառիլ ձեզ․ ընդհակառակը, գուցե մի փոքր էլ օգուտ ունենաք, որովհետև այդտեղ դուք կպատահեք, անշուշտ, ձեր ծանոթներից շատերին և գուցե նրանցից մի քանի նոր բաներ կսովորեք, եթե դուք արդեն նրանց վարժապետները չեք։

Ուղիղ մի շաբաթ էր անցել այն օրից, երբ գիմնազիոնի ընդարձակ դահլիճում, բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ, յուր ուսման ամբողջական ընթացքը հաջողությամբ ավարտած լինելուն համար—ոսկյա մրցանակով վարձատրվեցավ հայտնի ուսանող Պետրոս Մարալյանը։ Սա մի բարձրահասակ և սիրուն կազմվածքով երիտասարդ էր, գեղեցիկ և գրավիչ դեմքով, քաղցր ու խելոք աչքերով, զվարթադեմ, բարեսիրտ և որ ավելին է, առաքինի։ Գիմնազիոն մտնելու օրից սկսած նա հավասարապես սիրելի դարձավ թե՛ վարժապետին և թե՛ յուր ընկերներին։ Ուսման մեջ, բացի յուր բնական ընդունակությունը, նա չափազանց աշխատասեր էր, պարապ նստելու, կամ անօգուտ զվարճություններով զբաղվելու համար նա երբեք ժամանակ չէր վատնիլ, այդ պատճառով յուրաքանչյուր տարի նա գերազանց մրցանակներով փոխվել էր դասատնից դասատուն։ Եվ այս հաջողությունները ոչ միայն չէին փչացրել նրա բնավորությունը, այլ, ընդհակառակը, առավել մեղմել և անուշացրել էին։ Յուր բոլոր ընկերների հետ նա վարվում էր սիրով և մտերմությամբ, սակայն առանց նրանց շողոքորթելու, քծնելու և ստրկությամբ նրանց առաջ ծալվելու, ինչպես անում են շատերը փոքրոգի երիտասարդներից․ նա, ընդհակառակը, ավելի քան ճշմարտախոս, անկեղծ և անաչառ էր։

Առհասարակ Պետրոսի բոլոր ընկերները ուրախ էին, որ նա ոսկյա պատվավոր մրցանակ ստացավ և նրա այդպիսի բախտավորության ոչ ոք չարասրտությամբ չնախանձեց։ Սակայն այդ մրցանակը այնպիսի մի պարգև էր, որի ստացումր աննշան թողնել չի սիրում ուսանողությունը։ Այդ պատճառով նա պահանջեց Պետրոսից մի հացկերույթ, որպեսզի գինիների ազդեցության տակ ավելի անկեղծությամբ շնորհավորել կարողանա նրան յուր մրցանակի ստացումը։

Պետրոսը, իհարկե, ուրախությամբ ընդունեց։