Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—«Ինչպես ես, այնպես էլ կարծում եմ իմ ընկերները, չեն կարող մի հաստատ կարծիք հայտնել, թե ո՞ր մասնագիտությունն է, իսկապես, հարմար ձեր ընդունակության, որովհետև մեզանից ոչ ոք, ես կարծում եմ, դեռ ուշի-ուշով չէ ուսումնասիրել ձեզ և չգիտե, թե ձեր ներքին հակումը բացառապես ո՞ր ճյուղի համար է ավելի պիտանի։ Մենք բոլորս էլ ձեզ ճանաչում ենք միայն իբրև առաջադեմ և ընդունակ աշակերտ, սրանից ի զատ ուրիշ կարծիք հայտնել չենք կարող. հետևապես ո՞ր մասնագիտության ավելի հակումն ունիք՝ այդ ձեր գիտենալու գործն է։ Բայց ինչ վերաբերում է նրան, թե ո՞ր մասնագիտությունն է առհասարակ շահավոր, դրա մասին կարող ենք դրական պատասխան տալ ձեզ:

—Եվ միայն դրա մասին էլ հարկավոր է խոսել,— նկատեց մի կարճահասակ ուսանող, որին ընկերները Եզովպոս էին անվանում։

—Շատ լավ, խոսեցեք դրա մասին,— պատասխանեց Պետրոսը,— առաջին կետի վերա ես ինքս կմտածեմ։

—Իմ կարծիքով շահավոր մասնագիտություններր բազմաթիվ չեն,— խոսեց Հեթումյանը,— մեր ժամանակում ավելի հարգի են՝ իրավաբանությունը, բժշկությունը, երկրաչափությունը և ճարտարապետությունը: Այս չորս մասնագիտություններն էլ կյանք ապահովելու ձիրք ունին. սրանցից որն էլ ընտրելու լինիք, համարձակ կարող եմ ասել, որ չեք զղջալ:

—Դուք մոռացաք մեքենայագիտությունը.— ձայն տվավ ուսանող Կարինյանր։

—Եվ գյուղատնտեսությունը, որ ապրելու համար ամենից խաղաղ և արդյունավոր ճանապարհն է ցույց տալիս,— բացականչեց Մատինյանը։

—Եթե այդպես շարունակելու լինենք՝ այդ ո՞ւր կերթա,— նկատեց Հեթումյանր.— բայց ես ամենից ավիլի նշանավորները հիշեցի։

—Ես իրավաբանության, երկրաչափության և ճարտարապետության կողմն եմ,— խոսեց Եզովպոսը։