Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև ամեն սկիզբ ունի յուր վախճանը։ Եվ որովհետև այս այսպես է, ուրեմն կներեք ինձ օգուտ քաղել ձեր այս օրվա ինձ արած պատվից։ Ես կամենում եմ մի քանի խորհուրդներ հարցնել ձեզանից իմ ապագա ձեռնարկության համար։

— «Խոսեցեք»,— ձայն տվին մի քանի տեղերից։

Պետրոսը շարունակեց։— Դուք լավ գիտեք, պարոններ, որ մենք, միջնակարգ դպրոցների ուսանողներս, մտնում ենք վարժարաններ, ուսումնարաններ, սովորում ենք յոթ-ութ երկար տարիներ, սակայն մեր վերջնական մասնագիտության համար սկսում ենք մտածել հենց այն ժամանակ, երբ պետք է սկսենք այդ մասնագիտության ուսումը։ Այդ անհոգությունը հատուկ է ուսանող երիտասարդության․ միևնույն դրության մեջ եմ և ես։ Մի շաբաթ սրանից առաջ, ես արդեն նամակով հայտնեցի իմ հորեղբորը իմ հաջողակ քննության և ավարտման մասին և նրանից փողի եմ սպասում Պետերբուրգ ճանապարհվելու համար։ Հարկ չկա ասել, որ նրա կողմից մի որևէ արգելք չէ կարող հետաձգել իմ ուղևորությունը։ Բայց ես մինչև այս րոպեին էլ դեռ չեմ որոշել ինձ համար, թե Պետերբուրգ հասնելով ի՞նչ մասնագիտության դասեր պիտի լսեմ համալսարանում։ Ինչպես գիտեք, ես սովորություն ունիմ ոչ միայն ծանրակշիռ, այլև ամենաթեթև գործերում դիմել միշտ իմ բարեկամների խորհրդին։ Իսկ այս գործի համար ես ո՞րտեղ կարող եմ գտնել ձեզանից ավելի լավ բարեկամներ։ Ասացեք ուրեմն, գիտության ո՞ր ճյուղն եք իմ ընդունակությանց հարմար գտնում։ Ձեր միահամուռ կարծիքը շատ թանկ է ինձ համար։ Խոսեցեք, ես որոշել եմ անպատճառ հետևել ձեր խորհրդին։

Թ
ԻՐԱՎԱԲԱ՞Ն, ԵՐԿՐԱՉԱ՞Փ, ԹԵ՞ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Ուսանողների մեջ միառժամանակ լռություն տիրեց։ Ոչ ոք չէր վստահանում առաջինը խոսել։ Բայց սեղանապետը, որ մի առաջադեմ երիտասարդ էր Հեթումյան ազգանունով, չկամենալով երկար սպասեցնել Պետրոսին, պատասխանեց.