մինչև առավոտ քանդել բոլոր շինությունը և ինքը թողեց գնաց։ Ես դեռ փոքր էի, և պետք է ասած, որ շատ տխրեցի հորս հասած դժբախտության համար, մանավանդ երբ տեսա, որ նա գլխակոր և անմռունչ հետևում էր ճարտարապետին, յուր խոնարհ խնդիրը նրան լսեցնելու համար։
Մյուս առավոտ որմնադիրները դարձյալ աներկյուղ շարունակում էին խանութների շինությունը։
— Հայրիկ, չե՞ս վախենում երեկվա մեծավորից,— զարմացմամբ հարցրի ես իմ աներկյուղ հորից։
— Ո՛չ, որդի. հիմա էլ չեմ վախենում։
— Ինչո՞ւ չես վախենում. հապա նա քեզ չհրամայե՞ց, որ էլ խանութները շինել չտաս։
— Այդ քո գործը չէ. գնա դասերդ սովորի'ր,— կարճ կտրեց հայրս և հեռացավ։
Այնուհետև պ. ճարտարապետը էլ չերևաց մեր շինության մոտ, բայց թե ինչո՞ւ, այդ բանը մինչև այսօր էլ գաղտնիք մնաց ինձ համար։
Ուսանողների մեջ տիրեց ընդհանուր ծիծաղ։
Ժ
ՄԵՔԵՆԱՅԱԳԵ՞Տ, ԹԵ՞ ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍ
Որովհետև Հեթումյանին դուր չեկան պ. Եզովպոսի բացատրությունները, ուստի իբրև սեղանապետ, նա հրամայեց նրան, որ չհամարձակվի այլևս մասնագիտությանց վերա խոսել։
— Բայց ձեր առաջարկած չորս մասնագիտություններից բժշկությունը մնաց, թողեք որ նրա համար էլ Եզովպոսը հայտնե յուր կարծիքը,— թախանձեցին մի քանի ուսաշնողներ, որոնք ավելի ծիծաղելու էին տրամադիր, քան կարծիքներ լսելու։
— Ոչ, անկարելի է,— պատասխանեց անողոք սեղանապետը,— նա միշտ վատ կողմից է նկարագրում ամեն բան:
— Բժշկության համար խոսելու իրավունքը ինձ է պատկանում,— նկատեց Մեհերյանը։