Էջ:Muratsan, vol. 2.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Բայց թողեք առաջ ես իմ մեքենայագիտությունը պաշտպանեմ,— շտապով ներս ընկավ Կարինյանը,— հետո դուք կխոսեք ձեր բժշկության վերա։

— Ոչ, հետո ես կխոսեմ իմ գյուղատնտեսության վերա,—ձայն տվավ Մատինյանը։

— Շատ լավ, շատ լավ բոլորդ էլ կխոսեք,— նկատեց սեղանապետը,— բայց խոսքը դեռ պ. Կարինյանինն է։

— Պարոններ, ես մեր Եզովպոսի նման բացարձակապես չեմ դատապարտում ոչ իրավաբանությունը, ոչ երկրաչափությունը և ոչ ճարտարապետությունը,— սկսավ խոսել Կարինյանը։ — Մի մարդ, որ ուղղամիտ և ազնվասիրտ է, որ ճանաչում է յուր պատիվը և պարտքը, որ գիտե հարգել ընկերի իրավունքները, որքան էլ որ կողմնակի շահերի դռներ ճանաչե, այսուամենայնիվ, երբեք թույլ չի տալ իրեն ի չարը գործ դնել յուր գիտությունը և ուրիշների յուր վերա ունեցած վստահությունը։ Բայց որովհետև հին առած է, թե «մարդը սխալական է», իսկ մեր մեջ, մանավանդ, բացակայում է հաստատուն և առաքինի բնավորություններ զարգացնելու հոգսը, այդ պատճառով ես կարծում եմ հիշյալ երեք մասնագիտություններն էլ չկազմակերպված բնավորությունների համար փորձության մի-մի վիհեր են։ Շատ անգամ հենց ինքը՝ ժողովուրդն է սովորեցնում ազնիվ մարդուն դավաճանել յուր սկզբունքներին։ Յուր սեփական գործի օգտի համար նա բանում է նրա առաջ նվերներ ընդունելու հեշտին և գրավիչ ճանապարհը, որ հետո տանում է պաշտոնյային դեպի ստոր կաշառակերությունը, որի ազդեցության տակ ամենազորեղ մարդն էլ շեղվում է ճշմարտության ճանապարհից։

Այդ պատճառով, ես կարծում եմ, ով որ ուժ չունի կրակի հետ խաղալու, նա պետք է հեռու մնա նրանից։ Բայց ինչ վերաբերում է իմ պաշտպանության հանձնված մասնագիտության, նա հավասար օգտավետ է թե՛ զարգացած և թե՛ չզարգացած բնավորությունների համար։ Արհեստները առհասարակ ծնեցնում են մարդու մեջ սեր դեպի աշխատանքը և դեպի գործունեությունը, իսկ այս երկուսը զորացնում են մարդու հոգեկան ուժը, որին մենք կորով ենք անվանում։ Ամենամեծ տաղանդներն անգամ, եթե զուրկ են կորովից.