Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենարար կրակը, դժոխային կռահանության փոխարեն լսվում են առվակների մրմունջը, գետակի կարկաչը, ծառերի սոսափյունը, սոխակի մեղեդին… որոնց գիշերվա խավարը մեղմանում է ո՛չ Արամազդա շանթերով, այլ Անահտա լապտերով, որոնց մեջ անուշ մայում են գառները, անհոգ արածում նախիրն ու խաշները, որտեղ տավարածն ու գեղջուկ հովիվը հնչեցնում են ազատ թե՛ երգ, թե՛ սրինգ…

Այո՛, անզուգական է այն կյանքը, որին մենք շինական անուն ենք տալիս, և գերազանց այն պարապմունքը, որ շինական մարդու միակ հարստությունն է կազմում։ Համեմատեցեք մի անգամ քաղաքի ապականված մթնոլորտի մեջ ապրող և գործող մարդկերանց կյանքը խաղաղակյաց գյուղատնտեսի կյանքի հետ և դուք կհամոզվիք, որ վերջինը արդեն գրկախառնված է երջանկության, իսկ առաջինները դեռ խարխափում են նրան գտնելու համար։

Եվ ի՞նչ կա արդյոք աշխարհում ավելի քաղցր, քան արթնանալ ամեն առավոտ մաքուր և առողջարար օդի մեջ, շինական պարզ և խաղաղ մարդկերանց հետ, այցելել այստեղ պարտեզդ, որ գունավորված է երփներանգ պտուղներով, այնտեղ այգեստանդ, ուր խաղողենու ուռերը ծանրաբեռնված են դեղին ու ծիրանի ողկույզներով. մի տեղ մեղվանոցը, ուր բյուրավոր մեղուներ բզզալով ու տզզալով աշխատում են ամբողջ օրը, ինչպես մի լարված մեքենա. մյուս տեղ որդանոցը, ուր շեղջակույտ ոստերի վերա երախտագետ շերամը մետաքս է պատրաստում քեզ համար։ Վերջապես դիտել բարեբեր դաշտերը, ուր արածում են նախիրդ ու խաշներդ, և կամ աջ ու ձախ փռվում, ծածանվում ոսկեփայլ արտերդ: Մի տեղ մշակը խոտ է հարում արոտում, քո անասունների ձմեռվա պաշարը հոգալու համար, մյուս տեղ գեղջկուհին ցորեն է կալսում քո ամբարները լցնելու համար։ Ահա՛ շուտով էլ կգա աշունը. կքաղեն խաղողը, կթափեն հնձան, մեծ տակառներում, խոր չալաներում կեփի, կեռա փրփրոտ շիրան։ Պարտեզից կբերեն լի կողովներով տանձն ու խնձոր, դեղին սերկևիլ, և մեղվանոցից մեղրի խորիսխներ, սպիտակ ու դեղին։ Շերամատնից դուրս կտան բոժոժը, հավաբներից՝ ձուն հազարներով և կաթնատանից՝ յուղն ու պանիրը ուռած