Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար ստիպված չէ գլորել ընկերին։ Յուր գործերի և պարապմանց մեջ նա ազատ և ինքնիշխան է․ ո՛չ անիրավ հրամանների է հպատակվում, ո՛չ անարդարության առաջ է գլուխ ծռում, այդ պատճառով էլ նրա մեջ անարգել զարգանում են ազնվությունը, անկեղծությունը և անաչառությունը, որոնք և նրան ազատ են պահում հասարակաց զրպարտություններից և անվանարկությունից, որոնց, ընդհակառակը, միշտ ենթակա են և՛ իրավաբանները, և՛ երկրաչափները, և՛ ճարտարապետները։

Ահավասիկ այս առավելությունների համար է, որ ես պաշտպանում եմ մեքենայագիտությունը։

— Այդ բոլորը լավ, բայց մեքենայագիտության մի պակասավոր կողմը դուք ուշադրության չեք առնում,— նկատեց Մատինյանը։

— Ո՞րն է այդ։

— Այն, որ մեքենայագետը պարտավորված է լինում շատ անգամ այնպիսի տեղերում գործելու, ուր մահառիթ վտանգներն անխուսափելի են։ Ձեզ օրինակ այն դժբախտությունները, որոնք հաճախ պատահում են շոգենավերի և երկաթուղիների վերա և կամ շոգեշարժ գործարաններում։ Դեռ ոչինչ չեմ ասում այն ապականված ու գարշահոտ մթնոլորտի մասին, որի մեջ ապրում և գործում է խեղճ մեքենայագետը, և որի սպանող ազդեցության շնորհիվ շատ գործավորներ գերեզման են իջնում, թողնելով իրենց գերդաստանը վերջին թշվառության մեջ։

— Զարմանալի դատողություն եք անում դուք, ո՞րն է ուրեմն այն պարապմունքը, որ մարդուն հացի հետ միասին անմահություն է տալիս,— նկատեց Կարինյանր։

— Գյուղատնտեսությունը, պարոն, գյուղատնտեսությունը,— բացականչեց Մատինյանը․— նա՛ է այն պարապմունքը, որ ձեր թված բոլոր բարեմասնությունները յուր մեջ ամփոփելուց ի զատ ունի և այն առավելությունը, որ ապրեցնում է մարդուն աստուծո ստեղծած աշխարհի մեջ, նրա առողջարար օդերում, նրա դալարազվարճ հովիտներում, նրա զովաստվեր անտառներում, նրա ծաղկածին լեռների վերա, որոնց մեջ Հեփեստյան հնոցի փոխարեն վառվում է Ապոլոնի