Էջ:Muratsan, vol. 2.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ոչ. ես ձեզ չեմ մեղադրում, բայց խղճում եմ… Հետևապես չեմ ուզում միայն իմ դժգոհության արտահայտությամբ բավականանալ։ Ուրեմն լսեցեք ինձ։

Ես ոչնչով ընդդեմ չեմ ձեր հարստանալու ցանկության, դա մի ձգտումն է կյանքի ապահովության համար, իհարկե լավ, է հարուստ լինել, քան աղքատ, մանավանդ մեր ժամանակում, երբ առանց փողի ճշմարիտ արժանիքը ծածկված է մնում, տաղանդը, որ պետք է ոգևորեր մեզ, անհայտության մեջ մեռնում է, հանճարը, որ պետք է տիրապետեր և առաջնորդեր, ոտնակոխ է լինում ամբոխից և փողոցի տղաները ցեխոտում են նրա մեծությունը… Բայց և այնպես ճշմարիտ է Քրիստոսի այն աստվածային խոսքը թե՛ «դյուրին է մալխոյ ընդ ծակ ասղան մտանել, քան հարստին՝ յարքայութիւն Աստուծոյ…»։

Գիտցեք, որ որքան բազմանան մեր մեջ հարուստները, այնքան ավելի պիտի դժվարանա մեր փրկութունը, որովհետև հարուստը արդեն գոհ է յուր կյանքից և հետևապես թշնամի այն ազդարար ձայնին, որ կանչում է նրան մասնակցելու փրկության մեծ գործին։ Մարդիկ առհասարակ զոհում են նրա համար, որ հասնեն ճշմարիտ երջանկության, արդ ի՛նչ հարկավոր է հարստին զոհաբերություն, երբ նա արդեն երջանիկ է զգում իրեն յուր հարստության մեջ։

Այս տեսակետից նայելով գործի վերա, ես կարծում եմ, որ մեզ հարկավոր չեն բազմաթիվ իրավաբաններ, երկրաչափներ, ճարտարապետներ և մեքենայագետներ, եղածները արդեն մեզ համար շատ են։ Մեզ հարկավոր չեն մինչև անգամ բազմաթիվ բժիշկներ, մեր մեջ բավական մեծ քանակությամբ առողջ մարմին և առողջ ստամոքս ունեցողներ կան և հավատացած եմ, որ այսօրվա ճաշից հետո մեզանից ոչ ոք չպետք է հիվանդանա։ Այո՛, մեր բոլորի մարմիններն էլ բավական առողջ և առույգ են. բայց հիվանդ են մեր հոգիները. Հիվանդ մեր սրտերը, հիվանդ մեր զգացմունքները. Ուրեմն տվե՛ք մեզ հոգեկան բժիշկներ, որոնք կարող լինին բուժել այն հոգեկան ախտերը, որոնցով վարակված է մեր ամբողջ գոյությունը… Այո՛, տվեք մեզ քահանաներ, իրենց կոչումը, իրենց պարտքը և իրավունքը ճանաչող քահանաներ