որոնք կարողանային ներշնչել մեր մեջ այն հոգին, որ կտակեցին իրենց հաջորդներին սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ, որ ներշնչեց Վարդանա զորքին սուրբ Ղևոնդ Երեց։
Այո, քահանա, և գիտեք, թե այս բառի մեջ որքա՜ն մեծություն, որքա՜ն սրբություն կա ամփոփված. «Քահանան աստուծո փոխանորդն է երկրի վերա». հաճախ լսել ենք այս խոսքը. բայց մի՞թե հասկացել ենք նաև այդ խոսքի մեծ և խորհրդավոր նշանակությունը։ Իհարկե ոչ. բայց ո՞վ է ա՛յն մարդը, որին հանձնված է մեր հոգեկան ծնունդը, մեր հոգվո դաստիարակությունը. ո՞վ է ա՛յն մարդը, որին քաղցրությամբ հպատակվում է մեր սիրտը, որի առաջ սիրով խոնարհվում են մեր զգացմունքները. ո՞վ է նա, որի մխիթարությունր իբրև բալասան իջնում է մեր հոգեկան վերքերի վերա, որի հայրական հորդորը ամոքում է մեր վշտերի սաստկությունը. ո՞վ է այն զորեղ մարդը, որի պաշտպանության է դիմում հարստահարված այրին, անօգնական որբը, անպատված անմեղությունը, սիրո նահատակը… և վերջապես ո՞վ է նա, որ անողոք և ահավոր է անիրավների դեմ, որ աներկյուղ պաշտպանում է զրկված հոտի իրավունքները և որ յուր անձը զոհում է նրա համար, եթե այդ պահանջում է անիրավ ճակատագիրը…
— Այո, մեծ, այս սուրբ մարդը քահանան է։ Բայց ո՞ւր է նա. ոչ ոք չգիտե։ Պատմում են, որ մի օր նա կար, ապրում էր աշխարհում, բայց նա մեռավ։ Այսուամենայնիվ ես չեմ հուսահատվում, նա դարձյալ հարություն կառնե, եթե դուք, իմ սիրելի ընկերներ, չպաշտեք շահավոր մասնագիտությունները, և հենց այստեղ, մի ժամ, մի րոպե գոնե մտածեք, թե ի՞նչ է պակասում ձեզ և թե դուք ի՞նչ կարող էիք անել ձեր փրկությունը ձեռք բերելու համար։
Իհարկե, եթե դուք, բոլոր զարգացածներդ, քահանայությունից կփախչեք, եթե նրա սրբազան կոչումից խորշելով հարստության, անվան և փառքի ետևից կվազեք, հարկավ ասպարեզը կմնա ա՛յն մարդիկներին, որոնք գետնի վերա ընկածը իրենց սեփականությունը համարելով, կվարվեն նրա հետ ինչպես և կկամենան։ Եվ մի՛թե դուք իրավո՞ւնք ունիք պախարակելու այն անցորդին, որ փողոցի մեջ գտնելով ձեր