Մութն արդեն պատել էր, երբ ուսանողներն առանց մի որոշ եզրակացության գալու Պետրոսի ընտրելիք մասնագիտության վերաբերությամբ, ազատեցին տանտիրուհու պարտեզը իրենց շատախոսությունից և ցրվեցին իրենց տները:
ԺԳ
ԱՆԱԿՆԿԱԼ ՆՈՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ
Պետրոսը վերադառնալով յուր սենյակը՝ պատրաստվեցավ քնելու։ Թեպետ նա վաղ պառկելու սովորություն չուներ, բայց որովհետև այդ երեկո շատ խմելուց և խոսելուց նրա գլուխը ծանրացած էր և կարդալու էլ տրամադրություն չուներ, ուստի ավելի լավ համարեց այս անգամ մի բացառություն անել։ Բայց հենց սկսեց անկողինը բանալ թե չէ, և ահա՛ սենյակի դուռը բախեցին։
— Ո՞վ եք, ներս մտեք,— ձայն տվավ Պետրոսը։
Դուռը բացվեցավ և հեռագրատան ցրիչը ներս մտավ սենյակ։
— Ա՜, ինձ հեռագիր եք բերել, տվեք տեսնեմ,— ասաց Պետրոսը։
— Այո՛, պարոն, ահա՛—այս ասելով ցրիչը հանեց թղթապանից հեռագիրը և տվավ Պետրոսին։
«Ես սրան չէի սպասում»,— շշնջաց ինքն իրեն Պետրոսը և շտապելով բացավ հեռագիրը։ Նա մի արագ հայացք ձգեց նրա համառոտ տողերի վերա և մնաց շվարած։
Սա պ. Թովմասի հեռագիրն էր, որով նա Պետրոսին հրավիրում է հայրենի քաղաք Ա., բայց թե ինչո՞ւ համար, Պետրոսը չկարողացավ գուշակել։
— «Ես փողի եմ սպասում նրանից Պետերբուրգ ճանապարհվելու համար,— խոսեց նա ինքն իրեն,— բայց իմ պարոն հորեղբայրը դեռ նոր ինձ յուր մոտ է հրավիրում։ Ի՞նչ գաղտնիք է այս և ի՞նչ «կարևոր ու անհետաձգելի նորություն ունի նա ինձ հաղորդելու», որ գրում էլ է թե՝ «սպասում եմ»… Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում»…