Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեռած մոր ձեզ հիշատակ թողած ոսկյա մատանին, տանում վաճառում է այն հրեային և նրանից ստացած փողերը վատնում է գինետան մեջ։

Չե, մի՝ խորշեք քահանայությունից, նրա կոչումը ավելի մեծ, նրա պաշտոնը ավելի ակնածելի է, քան մի որևէ իրավաբանի, մեքենայագետի և կամ բժշկի պաշտոնը։ Լսեցեք դուք քահանային այն ժամանակ, երբ նա բեմի վրա արձանացած սեր և խաղաղություն է քարոզում. դա միևնույն քահանան է, որ լռիկ֊մնջիկ, զրկված ընտանիքին հորդոր է խոսում… դա միևնույն քահանան է, որ պատերազմի դաշտում, խաչը ձեռին բռնած՝ զորքին էր առաջնորդում, և ի՞նչ, մի՛թե չէ՞ ոգևորում, չէ՞ հափշտակում ձեզ այդ մեծ պաշտոնը, որի իշխանությունը տարածվում է շինական խրճիթներից սկսած մինչև արքայական պալատները, և որի ձայնին լսում և հպատակում են ամեն տեղ։

Սիրեցեք ուրեմն քահանային, սիրեցեք նրա պաշտոնը և ով որ ձեզանից կոչումն է զգում յուր մեջ հասարակությանը ծառայելու, թող սիրով ստանձնե այդ պաշտոնը, առանց քաշվելու, թե նա պիտի գործե խելքով և մտքով իրենից ստոր մարդկանց շրջանում։ Զինվորը եթե ճշմարիտ քաջություն ունի, չէ վհատում յուր ընկերոջ թուլությունից, այլ ընդհակառակը, նրան էլ ոգևորում է յուր քաջությամբ։ Այս պետք է լինի զարգացած քահանայի կոչումը և այս հոգվով վառված քահանան հնարավոր կարող է դարձնել այն ամենը, ինչ որ անհնարին է թվում կենցաղասեր մարդուն։ Ահա՛, պարոններ, իմ հավանած մասնագիտությունը. նրա վերաբերությամբ ես հայտնեցի իմ կարծիքները և այժմ դուք ազատ եք ինձ հետ համաձայնվելու, կամ ծաղրելու. ես վերջացրի։

Այս խոսքերով Պահլավունին լռեց և այլևս նոր խնդիր հարուցանող չեղավ։ Միայն սեղանապետը ճառախոսին վարձատրելու համար հրամայեց կրկին անգամ խմել նրա կենացը, և ուսանողները սիրով ընդունեցին այդ առաջարկությունը։

Այնուհետ և սկսվեցավ կարծիքների մանրավաճառությունը, տիրող լռությանը հաջորդեց աղմուկը և ամեն ինչ յուր նախկին կերպարանքն առավ։