Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ես հիմարս պարծենում եմ իմ ընկերների մոտ թե' «իմ հորեղբոր կողմից ոչ մի արգելք չէ կարող հետաձգել իմ ուղևորությունը»։ Հիմա՛ր, հիմա՛ր, դեռ «ջրին հասի՛ր, հետո բոբիկացիր», դեռ ուղևորության հրաման չառած՝ ես մասնադգիտություն ընտրելու վերա եմ մտածում և իզուր տեղը խեղճ ընկերներիս ժամերով խոսեցնում․․. Ահա՛ թե որտեղ է արդարանում ֆրանսիական ասածը «L’homme propose et Dieu dispose»[1]։

Այս միջոցին բակի մեջ երևեցավ հեռագրատան մի ցրիչ, որ տանտիրուհու ծառայից Պետրոս Մարալյանին էր հարցնում, Պետրոսը շտապով դուրս գնաց պարտեզից և դիմավորեց նրան։

— Դուք հեռագիր ունիք,— ասաց ցրիչը և ծրարը հանձնեց Պետրոսին։

Վերջինս ստացականը մատիտով ստորագրելով վերադարձրեց իսկույն ցրիչին և հեռագիրը վերցնելով գնաց յուր սենյակը։

«Շնորհավորում եմ ոսկյա մրցանակդ։ Հուսալիր սպասում եմ արժանավոր վերադարձիդ։

«Քո Աստղիկ»։

Այս էր հեռագրի բովանդակությունը։ Բայց այս երկտողի ընթերցանությամբ Պետրոսի բոլոր տխրությունը անցավ, որովհետև նրա հետ խոսում էր յուր սիրած անձը և նա կարծեց, թե հենց այդ րոպեին յուր ականջին նրա ձայնը հնչեց։

Պետրոսը մի քանի րոպե ուրախ և անթարթ աչքերով սկսեց դիտել հեռագիրը․ հետո նա նրան կրկին կարդաց, բայց կարծես ոչինչ չհասկացավ, նա նրան երրորդ անգամ կարդաց, և կրկին մի փոքր առաջ իրեն տանջող մտածմունքների մեջ ընկավ։

— «Ինձ շնորհավորում է․ հասկանում եմ․ բայց ինչո՞ւ համար է սպասում իմ վերադարձին, այդ չեմ հասկանում․ նա արդեն գիտե, որ ես այս ամառ հայրենիք չպիտի վերադառնամ…

  1. Մարդը մտադրվում է, աստված տնօրինում: (Ծանոթ. խմբ.)