Էջ:Muratsan, vol. 2.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրեմն ո՞ր վերադարձի մասին է այստեղ խոսքը… Երևի Պետերբուրգի. բայց ինչու համար այսպես վաղ, չէ՞ որ ես դեռ Թիֆլիսումն եմ, կնշանակե նա Թիֆլիսից վերադառնալու մասին է խոսում. ո՞վ հայտնեց նրան այդ նորությունը այդքան վաղ, չեմ հասկանում. ոչինչ չեմ հասկանում։

— Շատ լավ. ես կարող եմ դեռ մի քանի օր ուշանալ այստեղ. շտապելու հարկ չկա.— վերջապես վճռեց Պետրոսը,— արի հենց հեռագրով ես խնդրեմ Աստղիկից, որ նա մանրամասն նամակով բացատրություն տա ինձ, թե ի՞նչ պատճառով է նա իմ վերադարձին սպասում և թե ինչո՞ւ է ինձ հորեղբայրս կանչում. անշուշտ այս վերջին պատճառն էլ հայտնի կլինի նրան։

Եվ նա նրան հեռագրեց իսկույն այս հարցերը, ավելացնելով նույնպես, որ սպասում է շուտափույթ պատասխանին։ Անցան երեք օրեր, երեք երկար, դժվարատար օրեր։

Մի երեկո, երբ Պետրոսը դեռ նոր էր թեյ առնում, պոստատան ցրիչը բերավ նրան մի նամակ։ Սա օր. Աստղիկիցն էր․ հասցեից արդեն ճանաչեց նրա ձեռքը, ուստի թեյը մի կողմ թողնելով սրտատրոփ ծրարը բացավ։ Օրիորդը նրան գրում էր.

«Սիրեցյալ Պետրե՛

Այս րոպեին ստացա հեռագիրդ և շտապում եմ պատասխանել։ Քn հարցմունքին՝ թե ի՞նչ պատճառով եմ ես քո վերադարձին սպասում և թե ինչու է քեզ հորեղբայրդ կանչում, այնքան միայն կարող եմ պատասխանել, որքան գիտեմ։ Բայց իմ գիտցածն էլ կարծեմ չպիտի գոհացնե քեզ։ Այն օրը, որ քո ավետաբեր նամակը ստացա և քեզ իմ հեռագիրը ուղղեցի, եկել էր մեզ մոտ քո և իմ մայրը, այդ օրը նա անսովոր տրամադրության մեջ էր երևում, նրա աչքերը ծիծաղում էին, դեմքը տխուր չէր և ոչ ժպիտը ճնշված, ինչպես միշտ սովոր էի նրան տեսնելու, նա ուրախ էր և զվարթ։ Եվ ո՛րքան ժամանակ է, որ ես նրան այդպես տեսած չէի. դու հաշվիր այն օրից, երբ վերջին անգամ բաժանվեցիր մեզանից… Ես, ինչպես միշտ, գրկեցի նրան և համբուրեցի. հետո