իմ ցանկությունը, որ իհարկե չի արգելիլ քեզ հանգամանքներին հնազանղելու։
ԺԳ
ԴՊՐԱՆՈՑԻ ՎԱՐժՈԻՀԻՆ
Դուք անշուշտ հետաքրքրվեցաք օր. Աստղիկի հեռագրով ու նամակով և երևի շտապում եք իմանալ, թե ով է այս աղջիկը, որ այսքան մտերմական հարաբերություն ունի Պետրոսի հետ, բայց որի մասին իմ բոլոր պատմության ընթացքում ես ոչ մի հիշատակություն չարի։
Ահա՛ հենց նրա մասին էլ ես ուզում եմ խոսել։ Բայց դրա համար մենք մի քանի տարով պիտի ետ գնանք դեպի անցյալը։
Անշուշտ ձեզանից ամեն մեկը, մանավանդ գավառացի երիտասարդները, նկատած կլինեն, թե երկարամյա պանդխտությունից վերադառնալուց ետ, որքան շուտ աչքի են ընկնում այն փոփոխությունները, որոնք մարդու բացակայության միջոցին տեղի են ունեցած լինում յուր հայրենիքում։ Ընդհակառակը, միշտ միևնույն քաղաքում և գյուղում ապրող մարդու համար նշանավոր փոփոխություններն էլ կատարվում են առանց նրա վերա մի զգալի ազդեցություն անելու, ինչպես որ որդիների մեծանալը անզգալի կերպով է կատարվում մի ընթերակա մոր համար։
Պետրոսը յուր հայրենի քաղաքից հեռացավ տասներեք տարեկան հասակում։ Այդ ժամանակ Թիֆլիսը նրա վերա մեծ ազդեցություն արավ։ Առաջին անգամ տեսնելով այդ քաղաքի հոյակապ տները, գեղեցիկ փողոցները, հարյուրավոր կառքերը, յուր համար անսովոր անցուդարձը, կենդանությունը և համեմատելով նրան յուր հայրենի քաղաքի հետ, որը Թիֆլիսի համեմատությամբ արդարև մի աննշան ավան էր, նա մի գաղափարական նշանակություն տվավ Թիֆլիսին։ Բայց, իհարկե, այդ ազդեցությունը երկար չտևեց, մի տարին