Անցյալից այս բոլորը հիշելով Աստղիկը գալիս էր այն եզրակացության, որ երևի այդ երիտասարդը վաղ թե ուշ մի մասնակցություն պիտի ունենա յուր բախտի և ապագայի հետ։ Բայց և այնպես նա դեռ վճռապես չէր կարողանում հաշիվ տալ ինքն իրեն, թե ինչո՞ւ ամբողջ ժամերով միայն նրա վերա էր մտածում և այնքան շատ նրա կրկին տեսության փափագում։
Լինում է ժամանակ, երբ քաղաքավարության օրենքները բռնաբարում են մարդու սիրտը և զգացմունքները, ստիպելով նրանց ստել և կեղծավորել. բայց պատահում է նաև, որ այդ օրենքները ծառայում են մարդկային սրտի և զգացմանը, հաճույքներին։ Օրիորդ Աստղիկի ուրախությանը չափ չկար, երբ այն միջոցին, որ նա պատճառներ էր որոնում Պետրոսի հետ տեսնվելու, հանկարծ մտաբերեց, թե քաղաքավարության օրենքը պահանջում էր իրենից վերադարձնել նրան յուր այցելության փոխարենը։
Եվ հետևյալ օրը նա այցելեց նրան։
Պետրոսը հույս չուներ այդպես վաղ Աստղիկին տեսնելու. այդ պատճառով նրա հանկարծ ներս մտնելը մեծ ուրախություն պատճառեց իրեն։
— Եթե ձեր այցելությունը մի պարտքի հատուցումն է, ես նրան չեմ ընդունում,— ծիծաղելով նկատեց Պետրոսը, դիմավորելով օրիորդին։
— Մի՞թե այդ ձեր ցանկությունից չէ կախված ընդունել նրան այն մտքով, ինչ մտքով որ հաճելի է ձեզ։
— Իհարկե ոչ. ենթադրությունները զբաղեցնում են ուղեղը, բայց սրտին ուրախություն չեն պատճառում. ուրախանալու համար մենք պետք է ապացույցներ ունենանք։
— Եթե իմ խոսքը կարող է ձեզ իբրև ապացույց ծառայել, ուրեմն կասեմ, որ ես միայն ձեզ տեսնելու համար եկա:
— Շնորհակալ եմ. ես չէի տարակուսում. ուրեմն նախազգացումը ամփոփում է յուր մեջ ճշմարտության ամբողջությունը…
—Դուք հավատո՞ւմ եք նրան,— ծիծաղելով հարցրեց օրիորդը։
—Այժմ ավելի քան երբեք։ Իսկ դո՞ւք…