Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— ե՞ս…

— Այո։

— Ես ոչ, չեմ հավատում։

— Ի՞նչպես, դուք չե՞ք հավատում, որ նախազգացումը ապագայի կարապետն է։

— Եթե այդպես է, ուրեմն ավելի լավ էր չհավատալ նրան։

— Ինչո՞ւ։

— Որովհետև կյանքի մեջ տխրությունները այնքան շատ են, որ նախազգացմանը հավատալով՝ մենք ստիպված պիտի լինինք ամեն օր լաց լինելու, իսկ տխրել ես չեմ սիրում։

— Ուրեմն դուք հավատացեք նրան ա՛յն ժամանակ միայն, երբ նա շշնջում է ձեր ականջին մոտալուտ ուրախության լուրերը։

— Կամ ավելի լավ է ասել, նախազգացումը դուք ինքներդ ստեղծեցեք, որպեսզի նա տխուր լուրեր չհաղորդե ձեզ,— նկատեց օրիորդը և ուրախ֊ուրախ ծիծաղեց, հետո Պետրոսին դառնալով հարցրեց.

— Ի՞նչ նախազգացման մասին էիք խոսում դուք։

— Իմ նախազգացման:

— Այդ գիտեմ, բայց ինչի՞ վերաբերությամբ։

— Դա մի գաղտնիք է, որ շատ ուշ պիտի խոստովանեմ ձեզ,— խորհրդավոր եղանակով պատասխանեց Պետրոսը։

— Եթե այդ գաղտնիքը մի օր պիտի խոստովանեք ինձ, ուրեմն ավելի լավ է հենց այսօր խոստովանել։

— Եթե միայն դուք խոսք կտաք չբարկանալ ինձ վերա, կամ գոնե անքաղաքավար չեք անվանիլ ինձ։

— Երկուսի համար էլ ես իրավունք չունիմ։

— Եթե բանը իրավունքի եկավ, ուրեմն իմ պարտքս էլ չռելն է։

— Ոչ, ոչ, մի՛ նեղանաք, խնդրում եմ, խոստովանեցեք ձեր գաղտնիքը, ես խոստանում եմ ոչ բարկանալ և ոչ անքաղաքավար անվանել ձեզ։

— Շնորհակալ եմ. ուրեմն ես ձեր հետաքրքրությունը կգոհացնեմ. դուք լավ եք ասում. թե մի գաղտնիք, որ մի օր պիտի խոստովանեք ինձ` ավելի լավ է հենց այսօր խոստովնել: