— Պետրե, այս դո՞ւ ես, ո՞րտեղից ես գալիս այսքան ուշ.— քնքշաբար և մտերմությամբ հարցրեց նրան Աստղիկը:
—Մի բարեսիրտ ծանոթի տնից, որ խղճալով իմ միիայնությունը, հրավիրել էր ինձ յուր մոտ,— պատասխանեց երիտասարդը,— բայց դուք ի՞նչ ունիք այդտեղ, այս գիշերային ժամուն…
— Ինձ ծանոթները չեն հրավիրում, ուստի փորձում եմ մենավոր կյանքին ընտելանալու, — ժպտալով պատասխանեց օրիորդը։
— Երևի միանձնուհի դառնալու համար։
— Այո՛, երբ աշխարհի մեջ էլ հրապուրիչ ոչինչ չեմ գտնիլ։
— Ուրեմն դուք դեռ աշխարհը չե՞ք ատում։
— Դու այդ սպասո՞ւմ էիր։
— Մի՞թե չպետք է սպասեի. ով որ զգացմունք չունի սիրո համար, նա արդեն աշխարհի սահմաններում չէ ապրում։
— Օ՜, դու ինձ կամենում ես վրեժխնդիր լինել։ Արի այստեղ, Պետրե, ես քեզ ավելի մոտիկից կպատասխանեմ. արի ինձ մոտ, դու երևի ճանապարհը ճանաչում ես։
Պետրոսի սիրտը ուրախությունից թունդ ելավ, էլ ի՞նչ հարկավոր էր նրան ճանապարհներ պտրտել.մի ոստյուն, և նա արդեն պարտեզումն էր։
Երկու երիտասարդները ջերմությամբ սեղմեցին միմյանցձեռք, և Աստղիկը Պետրոսի ձեռքից բռնած տարավ նրան պարտեզի խորը, որտեղ նրանք նստան մի մեծ խնձորենու տակ, որի ստվերաշատ ճյուղերը արգիլում էին լուսնին լուսավորելու նրանց։
— Պետրե, ես կամենում եմ առաջինը խոսել.թո՞ւյլ կտաս դու ինձ այդ,— քնքշաբար հարցրեց օրիորդը։
— Օ՜, եթե միայն դու խոսես, ես պատրաստ եմ հավիտյան լռելու,— ջերմությամբ պատասխանեց երիտասարդը։
— Ուրեմն լսիր ինձ։ Անցյալ օրը երբ ես քեզ այցելության եկա, շատ բաներ ունեի քեզ հայտնելու, շատ բաներ՝ քեզ խոստովանելու… բայց երբ դու քո գաղտնիքը ինձ բացիր, ես ակամա ետ կանգնեցի իմ դիտավորությունից․ մի