գաղտնի երկյուղ թուլացրեց իմ արիությունը, մանավանդ, երբ ձեր տան մեջ ես ինձ հանկարծ միայնակ գտա քեզ հետ։ Որքան էլ կամենում էի խոսել և մի պատասխան տալ քո հարցերին, այսուամենայնիվ լեզուս չէր հնազանդվում ինձ, և ո՜րքան շատ ուրախացա, երբ քո մայրը ներս գալով վերջ տվավ իմ անել դրությանը։ Ես տեսա, որ դու նեղացար, տեսա, թե ինչպես դժգոհությունը պատեց քո դեմքը. բայց ես գոհ էի, որովհետև ազատվեցա հաղթահարվելու երկյուղից։
Այժմ բուն ճշմարտությունը խոստովանելուց առաջ ես մի հարց ունիմ քեզ անելու. խոսի՛ր ուրեմն անկեղծությամբ, առանց ստելու, առանց իմ քեզ վերա ունեցած վստահությունը հարստահարելու. սիրո՞ւմ ես դու ինձ, Պետրե, թե ոչ, ասա՛, ես կամենում եմ կրկին անգամ լսել այդ քո բերանից։
—Սիրո՞ւմ եմ քեզ, հարցնում ես դու ինձ, և ի՞նչ ես կամենում, որ ես պատասխանեմ։
—Ճշմարտությունը, որ անմահ է այս լուսնի նման։
—Եվ որ այդ լուսնի ստեղծողն է.— Այո՛, Աստղիկ, ես քեզ սիրում եմ, սիրում եմ իմ սրտի բոլոր ջերմությամբ, իմ հոգու բոլոր կարողությամբ… Վկա է աստված, որ սիրո արարիչն է, վկա այս լուսինը, որ սիրահարի խորհրդականն է. վկա այս գիշերը, որ սիրող սրտի մտերիմն է, ես քեզ սիրում եմ, և այս միակ խոսքի մեջ է ամփոփվում իմ բոլոր երջանկությունը…
—Ես հավատում եմ, Պետրե, և ես երջանիկ եմ… ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել…
—Աստղիկ, ուրեմն դու ինձ սիրո՞ւմ ես, օ՜հ, խոսի՛ր, խոսի՛ր, աղաչում եմ, դարձյալ մի խոսք, մի բառ… — Այս ասելով երիտասարդը ծունկ չոքեց օրիորդի առաջ և ջերմ համբույրներով սկսավ ծածկել նրա ձեռքը։
—Վեր կաց, Պետրե, դու ավելիին ես արժանի, որովհետև ես հավատում եմ քո ակեղծությանը. վեր կաց և գրկիր ինձ, Աստղիկը քո ստրկուհին է… —շշնջաց օրիորդը և երկու սիրահարները ջերմությամբ գրկախառնվեցին իրար…
—Ինչո՞ւ ուրեմն ամբողջ երկու օր տանջեցիր ինձ, Աստղիկ, — յուր հոգեկան զմայլմունքից սթափվելով հարցրեց Պետրոսը օրիորդին։