Էջ:Muratsan, vol. 2.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հենց տան բակի մեջ, գրկեց նրան և սիրով համբուրեց։ Բայց որովհետև շտապում էր խանութ, ուստի նորեկով երկար զբաղվել չկարողացավ։ Նա գնաց խանութ, խոստանալով, որ կաշխատե շուտով վերադառնալ։

Տիկին Հռիփսիմեն տան պատշգամբից տեսավ որդուն և քիչ էր մնում, որ շտապելուց գլորվեր սանդուղքների վերա։ Պետրոսը վազեց դեպի նրան և յուր զորեղ բազուկների մեջ առնելով՝ գրկեց մորը, որ արդեն թուլանում էր ուրախությունից։

— «Պետրե, իմ քաղցր, իմ անուշիկ որդի…»— այսքան միայն արտասանեց գորովագութ մայրը և ուրախության արտասուքները հորդեցին նրա աչքերից։

Նրանք ներս մտան տուն։ Մայր և որդի դեմուդեմ նստած դեռ մի քանի րոպե շարունակ նայում էին իրար վերա առանց մի խոսք արտասանելու։ Վերջապես Պետրոսը սկսավ խոսացնել մորը՝ զանազան հարցեր առաջարկելով նրան։ Մինչև որ տ. Հռիփսիմեի հոգեկան հուզմունքը կանցներ, ծիծաղադեմ ներս մտավ նրանց մոտ օրիորդ Աստղիկը, որ նույնպես Պետրոսի գալուստը տեսել էր իրենց պատշգամբից։

Երիտասարդը արագությամբ վեր թռավ տեղից և վազեց դեպի սիրուհին։ Երկու սիրահարները առանց մի րոպե կանգ առնելու գրկախառնվեցան և ջերմաջերմ համբուրեցին իրար։

— Ես բոլորովին չէի սպասում քեզ և հավատացած էի, որ ոչ մի հրավեր չէր կարող քո մտադրությունը խանգարել,— խոսեց օրիորդը առաջին անգամ.— ի՞նչպես եղավ ուրեմն, որ դու որոշեցիր գալ այստեղ։

— Դու չէիր սպասում, ճշմարիտ է, այդպես էլ գրել էիր քո նամակում. բայց դու միևնույն ժամանակ գրել էիր և այն, որ դու չես արգիլում ինձ հանգամանքներին հնազանդելու։

— Ի՞նչ էիր ուրեմն հասկանում դու այդ խոսքից։

— Այն՝ որ ուրեմն կային հանգամանքներ, որոնց ես պետք է հնազանդեի, որովհետև ուրիշ կերպ վարվելու ես ուժ չունեի։

— Ցավալի է… բայց և այնպես ես ուրախ եմ. դու այժմ այստեղ մեզ մոտ ես…