Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախագավթի մեջ մի արդուկ (ութո) էլ հոգալու իրենց մազերն ըստ պատշաճին արդելու համար։

Եվ այսպես, ամենից առաջ պատրաստվողները միմյանց ետևից շտապում էին դեպի վեր, բայց այնպիսի անհանգստությամբ, որ կարծես իրենցից առաջ անցնողները պարահանդեսը կերան, առանց իրենց վերա մտածելու։

Հանգիստ սրտնով էին մոտենում այդ պատրաստություններին միայն ծերունիները, կամ գոնե հիսունից ոչ պակաս աշուն տեսնողները։ Նրանք գիտեին, որ վերև իրենց սպասողներ չկան, և որ երաժշտությունն իրենց համար չպիտի նվագե։ Շատ-շատ իրենց հասակակիցներից մինը պիտի հրավիրեր նրանցից մինին յուր հետ նարդ խաղալու և մի ուրիշը թավազա պիտի աներ մյուսին Էֆենջյանցի մի պապիրոս կամ մի պտղունց քթախոտ։ Բայց թե ինչու՞ նրանք անպատճառ պարահանդես էին եկել, այդ դժվար է իմանալ. մարդիկ միշտ աշխատում են ապրել․ իսկ ապրողին չէ կարելի ստիպել, որ նա չզվարճանա։

Բոլորովին ուրիշ տեսարան էր ներկայացնում կանանց առանձնարանը։ Սա ավելի նման էր մի վարսավիրի (պարիկմախերի) խանութին, միայն այն զանազանությամբ, որ սա ավելի ճոխ էր զարդարված։ Սենյակի չորս պատերը բռնած էին ոսկեզօծ հայելիներ իրենց մարմարյա սեղաններով, որոնց վերա խառնիխուոն ընկած էին զանազան տեսակ սանդրեր, խոզանակներ և ապակյա տփիկներ, լի զանազան հոտավետ փոշիներով։ Իսկ մնացած պարապ անկյուններում շարված էին թավշյա բազմոցներ ու թիկնաթոռներ՝ պես-պես ոճով ու տարազով։ Տիկիններից մի քանիսը, որոնք դեռ նոր էին շնորհ բերել այդտեղ, կրծքերի գեղեցիկ ելևէջով հանգչում էին բազմոցների վերա, մի քանիսը կանգնած հայելիների առաջ զգուշությամբ ուղղում էին իրենց հագուստը, և նրանց վերայի զարդերը, ուրիշները կարգավորում էին գլխի հյուսակները, ծաղիկները և այլ պաճուճանքները։ Սակավաթիվ չէին և նրանք, որոնք մի ձեռքով բռնած պուդրայի փնջիկը, իսկ մյուսով փափուկ և սպիտակ ղենջակը, անընդհատ փորձում էին սպիտակացնելու իրենց դեմքի կամ պարանոցի այս կամ այն մասը, բարձրաձայն գանգատվելով, որ շուտ-շուտ քրտնելու